Բնապահպանական հանրային դատարանը անտառային ոլորտում թույլ տրված օրինախախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

Բնապահպանական հանրային դատարանը անտառային ոլորտում թույլ տրված օրինախախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլի 9-ին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը՝ ըստ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի դիմումի:

Գործով դատավորներն էին՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Հանրային դատավարության ժամանակ քննվեց Հայաստանի պատկան մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը անտառի վատ կառավարման արդյունքում Հայաստանի անտառածածկ մակերեսի կրճատման, անտառի դեգրադացման, բարձրարժեք տեսակներից ցածրարժեք տեսակների փոխարինման, անտառային կենսաբազմազանությունը կորցնելու հետևանքով ստեղծված իրավիճակի համար: Որպես այս ամենի բացասական հետևանքներ մատնանշվեցին աղբյուրների չորացումը, սելավային և էրոզիոն գործընթացների ակտիվացումն անտառներում:

Դիմումատու Անի Խաչատրյանը ներկայացմամբ՝ միայն 2014-2016 թթ. Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Անտառների հասարակական մոնիթորինգ ծրագրի շրջանակներում ստեղծված կամավորների խմբի կողմից հայտնաբերվել է 3000-ից ավել անօրինական հատված ծառ:

Որպես վկա հանդես եկան «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ ներկայացուցիչ Արամ Գաբրելյանը, Լոռու մարզի «Հայանատառ» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Հովիկ Սահակյանը, Կոտայքի մարզի «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը, Տավուշի մարզի Թեղուտ համայնքի բնակիչ Տաթև Հարությունյանն ու «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը: 

 Փորձագիտական գնահատականով հանդես եկավ ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

Բնապահպանական հանրային դատարանը վճռեց անտառային ոլորտում թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Վճռի ամբողջական տեքստը կհրապարակվի 10 օրվա ընթացքում:



19:06 Ապրիլ 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news