«Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին

«Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ»  բնապահպանական հանրային գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին

ԷկոԼուր

«Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ԷկոԼուրն ապրիլի 22-ին ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Տվյալ գործով դատավարությունը տեղ է ունեցել սույն թվականի ապրիլի 9-ին:

Դիմումը Բնապահպանական հանրային դատարան էր ներկայացրել Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանը: Նա դատարանին ներկայացրել էր 2015-2016թթ. ընթացքում «Անտառային հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում ստեղծված կամավորների խմբի առանձին դիտարկումների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների փաստերը:

Բնապահպանական հանրային դատարանը` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյան, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան կազմով, վճռեց.

«1.Անտառային ոլորտում թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

2. Դիմել ՀՀ Դատախազությանը` պահանջելով.
ա/ Ստուգել` անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ քրեական գործերի կարճման օրինականությունը:

բ/ Հայտնաբերել անտառխախտման իրական բոլոր մեղավորներին, այդ թվում, պատվիրատուներին` անտառախատումների վերաբերյալ քրեական գործեր քննելիս:

գ/ Ստուգել Հայաստանում փայտածուխի արտադրության, իրացման և արտահանման օրինականությունը, հայտնաբերել ոլորտում տեղ գտած օրինախախտումները և կիրառել համապատասխան միջոցառումներ դրանց վերացման ուղղությամբ:

դ/ Ստուգել Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառպետության տարածքում անտառապատման համար հատկացված 59 մլն. դրամի նպատակային օգտագործումը և անտառային հողերից 24.42 հա` Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար, հատկացման օրինականությունը:

ե/ Ստուգել Ծաղկաձորի անտառային հողերի նպատակային նշանակությունը փոխելու, հողհատկացումների և կառուցապատման օրինականությունը, ինչպես նաև Կոտայքի մարզի անտառային ֆոնդի հողերի կատեգորիայի փոփոխման /ՀՀ կառավարության 05.04.07թ. հ.422-Ն որոշման/ և այդ հողերի հետագա տնօրինման օրինականությունը:

զ/ Ստուգել «Արևիք» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից 186.4 հա` Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով, հատկացնելու օրինականությունը:

ը/ Ստուգել Հանքավանի 500 հա անտառային ֆոնդի հողերի օտարման օրինականությունը:

3. Դիմել ՀՀ քննչական կոմիտեին, պահանջելով.
ա/ Հարուցել քրեական գործեր` անտառային օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձանց նկատմամբ` բացահայտելով բոլոր մեղավորներին, այդ թվում` պատվիրատուներին:

բ/ Հարուցել քրեական գործ` Թեղուտի անտառը սահմանված քանակից ավել, հատելու, պետությանը վնաս պատճառելու և անտառվերկանագնման ծավալները կեղծելու փաստերի առթիվ:

4. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
1. ա/ Մշակել ծրագիր` ՄԱԿ–ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDC) փաստաթղթով (ՀՀ կառավարության 10.09.15թ. հ.41-Ա որոշում) Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունը` մինչև 2050 թվականը երկրի անտառապատվածությունը հասցնել 20.1%-ի, կատարելու համար և հաստատել ժամանակացույց, սահմանելով որքան տարածք է անտառապատվելու մինչև 2030թ. և 2030թ-ից մինչև 2050թ., ինչ միջոցներով, որոնք են անտառապատման ենթակա հողատարածքները, նկատի ունենալով, որ 266,5 հազար հեկտար` անտառապատման ենթակա տարածք, անտառային հողերի կատեգորիայում չկա: Կիրառել «երկրի արտաքին պարք-բնություն» հաշվանցման մեխանիզմը` անտառվերականգնում իրականացնելով:

բ/ Պարզել, ինչքան անտառ է հիմնվել` ի կատարումն ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստանձնած միջազգային պարտավորության, 2015թ-ից մինչև 2019թ. և հրապարակել արդյունքները:

գ) Իրականացնել Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության /2004թ./ և ՀՀ անտառի ազգային ծրագրով /2005թ./ նախատեսված և դեռ չիրականացված միջոցառումները, դիտարկելով անտառը որպես էկոհամակարգ, հիմք ընդունելով շրջակա միջավայրի ու դրա բաղադրիչների ամբողջական պահպանությունը և պաշտպանությունը:

դ) Անտառային պետական կոմիտեն դուրս բերել ՀՀ բնապահպանության նախարարության կազմից և դարձնել ՀՀ կառավարության ենթակա մարմին` ՀՀ Կառավարության անտառի պետական կոմիտե, ընդգրկելով դրա կազմում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը /հիմք` «Հայաստանի Հանրապետության անտառի ազգային քաղաքականություն և ռազմավարություն» հաստատված ՀՀ Կառավարության կողմից 2004թ. և ՀՀ անտառի ազգային ծրագիրը, հաստատված ՀՀ կառավարության 21.07.05թ. հ.1232 որոշմամբ/:

ե/ Ստեղծել պետական անտառների միասնական ֆոնդ, որը կկառավարվի մեկ մարմնի` Անտառի պետական կոմիտեի կողմից /որտեղ կլինեն ստորաբաժանումներ պետական անտառների կառավարման և հատուկ պահպանվող տարածքների կառավարման/:

զ/ Ստեղծել ՀՀ Կառավարության անտառի պետական կոմիտեի կազմում.
- Անտառի պահպանության պետական ծառայություն, օժտելով ծառայության աշխատողներին /անտառապահներին/ լայն իրավազորություններով /իրավախախտողներին պատասխանատվության ենթարկելու, տեխնիկական միջոցները, գործիքները և անօրինական ճանապարհով ստացված փայտանյութը առգրավելու և այլն/, ապահովելով անհրաժեշտ միջոցներով /համազգեստ, զենք, տրանսպորտային, կապի և այլ միջոցներ/ և նախատեսելով ապահովագրական ու խրախուսման միջոցներ /անտառապահին վճարել հավելավճար` իր կողմից հայտնաբերված իրավախախտումների համար գանձված տուգանքի որոշակի տոկոսի չափով/
- Անտառպաշտպանության ծառայություն, ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցներով /ինքնաթիռ, ուղղաթիռ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, թունաքիմիկատներ և այլն/` անտառը վնասատուներից, հիվանդություններից և հրդեհներից պաշտպանելու համար
- Անտառմելիորատիվ ծառայություն` ապահովելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով
-Սերմնային և տնկարանային տնտեսություններ` ապահովելով անհրաժեշտ սարքավորումներով:

է/ Անտառտնտեսություններին տալ իրավաբանական անձի կարգավիճակ:
ը/ Մշակել բոլոր անտառտնտեսությունների համար անտառկառավարման պլաններ:
թ/ Անցակացնել անտառի գույքագրում և հաշվառում` օգտագործելով առաջատար տեխնոլոգիաները, այդ թվում, տիեզերական նկարահանումները:
ժ/ Հատկացնել գումար անտառի կադաստրի վարման համար:
ժա/ Հատկացնել բյուջեից բավարար ֆինանսական միջոցներ` անտառների վերականգնման, պահպանման համար:
ժբ/ Ներգրավել ֆինանսական միջոցներ միջազգային աղբյուրներից:
ժգ/ Ստեղծել Անտառային ֆոնդ, որտեղ կկուտակվեն անտառախատումների համար բռնագանձվող վարչական տուգանքների գումարները, ինչը կծախսվի անտառների պահպանության և անտառապահներին խրախուսման նպատակով:
ժդ/ Մշակել « ՀՀ անտառային և ՀՀ հողային օրենսգրքերում լրացում ու փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, նախատեսելով անտառային հողերի կատեգորիայի փոփոխությունը բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա կատարելու դրույթ, և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:
ժե/ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողհատկացման անտառային հողերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ փոփոխման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» 08,05.2003թ. հ.613-Ն որոշումը, որպես ՀՀ օրենսդրությանը հակասող:

ժզ/ Պարզել ՀՀ կառավարության 30.08.07թ. հ.1045 որոշման 8-րդ կետի 8.1 ենթակետով սահմանված` հատված անտառի կրկնակի չափով անտառվերականգնման պարտավորության կատարումը և խախտումներ թույլ տված կազմակերպությունների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ:

ժէ/ Մշակել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության» ՀՀ օրենքի 14-րդ հոդ. 6-րդ մասի 5-րդ կետի «ա» ենթակետը` «5) անտառային տնտեսության ոլորտում` ա. անտառվերականգնում, անտառապատում.», ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

ժը/ Արգելել բոլոր տեսակի անտառահատումները հինգ տարի ժամկետով:
ժթ/ Նպաստել փայտի թափանցիկ շուկայի ձևավորմանը և այն պաշտպանել ապօրինի փայտանյութի ներթափանցումից /հատատեղի հատկացումից մինչև իրացում և արտադրություն ողջ շղթայի հսկողական մեխանիզմի ներդրում` հսկողության միասնական համակարգի ստեղծում /արգելքի ավարտից հետո/:
ի/ Կազմակերպել առաջարկների հիմնավորումների հավաստիության ընտրանքային ստուգիչ ուսումնասիրություններ`պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատման գործընթացում /արգելքի ավարտից հետո/:
լ/ Օժանդակել համայնքային անտառների և դաշտապաշտպան անտառաշերտի ստեղծմանը և վերականգնմանը:

2. Հանձնարարել.
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ.
ա/ Վարել անտառային կադաստրը և հանրայնացնել այն, բարձրացնել կառույցի հաշվետվողականությունը և թափանցիկությունը
բ/ իրականացնել հսկողություն անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման և խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի, ինչպես նաև անտառային հողերում հրդեհային անվտանգության, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման նկատմամբ:

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ԻՆ.

ա/ Սահմանել խիստ հսկողություն մասնաճյուղերում իրականցվող անտառվերականգնման, խնամքի, սանիտարական հատումների գործընթացների նկատմամբ;
բ/ Քարտեզագրել անտառային ճանապարհները` անտառներում հրդեհների մարման և կանխարգելման նպատակով և հանրայանացնել;
գ/ Ստեղծել հնարավորություններ անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու համար` կիրառելով նաև տեխնիկական միջոցներ;
դ/ Վերացնել Հայաստանի անտառային հողերի վերաբերյալ կադաստրային տվյալներում տեղ գտած անճշտությունները` ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ:
ե/ Ավելացնել անտառվերականգնման միջոցառումների տեսակարար կշիռը բարձրարժեք ծառատեսակների հաշվին` անտառի կազմը բարելավելու նպատակով:
զ/ Հրապարակել ստուգման ակտերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ
ա/ Խստացնել վերահսկողությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում և Բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Որպես վերահսկողության օբյեկտ դիտարկել ոչ միայն ապօրինի անտառհատումները, այլև անտառային հողերի օգտագործման և վարձակալության օրինականությունը, անտառվերականգնման և անտառշինական աշխատանքների և պարտավորությունների կատարումը, անտառային հողերի դեգրադացիան, անտառներում վայրի բույսերի և կենդանիների պահպանությունը, ջրային տարածքների պահպանությունն ու տարբեր բնույթի թափոններով աղտոտման կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը /հիմք` «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, 22-րդ հոդ. 1-ին մասի 5-րդ կետ/;
բ/ Կատարել անտառային ոլորտում իրականացված ստուգումների վերլուծություն և յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնել հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկներ;
գ/ Հրապարակել անտառային ոլորտում ստուգումների ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները, շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ա/ Անտառային տարածքների հրդեհների արագ մարման, մեկուսացման, կանխարգելման նպատակով միջոցներ ձեռնարկել համապատասխան տեխնիկական միջոցների ձեռք բերման, ինչպես նաև աշխատակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացման, վերապատրաստման, կազմակերպման, ուղղություններով, այդ գործընթացում ներգրավվել, ինչպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին,այնպես էլ անտառամերձ համայնքների բնակիչներին։
բ/ իրականացնել համատեղ ծրագրեր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և համայնքների հետ` հակահրդեհային միջոցառումների արդյունավետ իրականացման համար:

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
ա/ Վերացնել Հայաստանի անտառային հողերի վերաբերյալ կադաստրային տվյալներում տեղ գտած անճշտությունները` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ և կատարել պետական գրանցում:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ»

«Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճռի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ:

19:28 Ապրիլ 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news