«Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները. դա բիզնես է». Ինգա Զարաֆյան

«Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները. դա բիզնես է». Ինգա Զարաֆյան

ԷկոԼուր

«Հայաստանում անտառն օգտագործվում է որպես վառելափայտ, և անտառները հատվում են ոչ թե անտառամերձ բնակիչների, այլ բիզնեսի կողմից», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ:

«Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկի ընդամենը 8.3 %-ը: Այս թվի մեջ մտնում է նաև բիովառելիքը: Մեզ համար հասկանալի է, որ «բիովառելիք» բառի ետևում թաքնված է մեր անտառը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ծավալի անտառ է մեզ մոտ հատվում: Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները: Դա այդպես չէ: Ոչ մի բնակիչ չի կարող մտնել անտառ և հսկայական ծառեր հատել, որոնք շուկայում վաճառվում են 1 խմ-ը 24-25 հազար դրամով: Դա բիզնես մոնոպոլիա է, որը մեր բնակչությանը հասցրել է էներգետիկ աղքատության», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա նշեց, որ մարզերի բնակիչները հիմնականում ջեռուցվում են փայտանյութով, և դրա մեծ մասն ապօրինի փայտանյութ է:

Ինգա Զարաֆյանը օրինակ բերեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով կատարված ուսումնասիրությունը. «2014թ-ին Հայաստանի տնային տնտեսությունները սպառել են մոտ 2 միլիոն խմ վառելափայտ: Այս ցուցանիշը շուրջ 70 անգամ գերազանցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մթերված փայտանյութի ծավալը»:

«Այս հարցում պետք է գտնել ճիշտ լուծումներ: Առանց տնտեսական գնահատականների և գազի սեկտորում գների իջեցման արդյունավետ լուծումներ չեն ընդունվելու», - հավելեց նա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանը արձագանքեց. «Միանշանակ, անտառներն ապօրինի հատում են: Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրում, որպեսզի բացառի ապօրինի ծառահատումները: Անտառամերձ համայնքներին օգնություն է տրամադրվում սանիտարական թափուկների տեսքով: Միևնույն ժամանակ, էներգետիկայի նախարարությունը հանդես է եկել ծրագրով չգազաֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար փափուկ վարկեր տրամադրել, որը որոշակի խնդիրներ կլուծի անտառամերձ համայնքներում: Փորձում ենք գտնել նաև այլ լուծումներ, որոնք կփրկեն մեր անտառները»: 

Նշենք, որ Հայաստանի անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 %, իսկ տարբեր անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %: ՀՀ կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում հանձն է առել մինչև 2050 թ-ը անտառածածկը հասցնել 20.1 տոկոսի:

18:56 Դեկտեմբեր 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news