Անտառների կայուն կառավարում. «Հրանտ Դինք» անտառի խնամքի հատման աշխատանքների մեկնարկ

Անտառների կայուն կառավարում. «Հրանտ Դինք» անտառի խնամքի հատման աշխատանքների մեկնարկ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ

Ստամբուլում 2007թ.-ին «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի դաժան սպանությունից հետո «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը որոշում ընդունեց ի պատիվ մեծանուն մտավորականի ստեղծել հիշատակի անտառ:  Հիմնադրամի խորհրդի նախկին անդամ Նենսի Գրիգորյանը դրամահավաք նախաձեռնեց իր բարեկամի և գործընկերոջ հիշատակին: Այդպես ծնվեց ականավոր մտավորականին հավերժացնող ծրագիրը:  Նախաձեռնությունն աջակցություն ստացավ աշխարհի տարբեր կողմերից և նույնիսկ Թուրքիայի որոշ կազմակերպություններից: Ամերիկայի արևմտյան ափի Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը (ABA) ևս համախմբեց իր ուժերը անտառի ստեղծմանն օժանդակելու համար:

Հրանտ Դինքի պատվին Մարգահովիտ և Ֆիոլետովո գյուղերին հարակից երկու հողամասերում նոր անտառ ստեղծվեց: Տնկվեցին սոճիներ և վայրի խնձորենիներ:

Հիշատակի անտառ են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ և բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը, երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանը, ովքեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծանուն գրողին՝ նրա հիշատակին տնկելով ծառեր: Անտառը գտնվում է Դիլիջանից Վանաձոր տանող  ճանապարհի  աջ հատվածում ՝ «Էյ Թի Փի»-ի Մարգահովտի Օհանյան կրթական կենտրոնի և Միրաք անտառվերականգնման տնկարանի հարևանությամբ:

Համադրելով բնակլիմայական պայմաններն ու անտառտնկման վերաբերյալ գոյություն ունեցող բազմամյա փորձը՝ «Էյ Թի Փի»-ն տնկումները իրականացնում է 3000 տնկի/հա խտությամբ: Հայտնի է, որ բնական անտառային էկոհամակարգերում (կախված տեղանքից) հասուն ծառերի խտությունը չի կարող գերազանցել 1000 ծառ/հա-ն: Տարիներ անց նկատելի դարձավ, որ որոշ հատվածներում ծառերի խիտ դասավորվածությունը խոչնդոտում է անտառի բնականոն աճին և զարգացմանը: Այդ պատճառով երիտասարդ ծառերը ստիպված են լինում պայքարել սննդարար նյութերի, արևի լույի և ջրի համար:

«Էյ Թի Փի»-ի 2019թ-ի ծրագրերում ներառվել են խնամքի հատման գործողություններ: Աշխատանքները  նախատեսվում են իրականացնել  անտառտնկման 11 հեկտար զբաղեցնող  տարածքում՝ շուրջ 2 հեկտարի վրա, ըստ փուլերի: Ընդ որում՝ մեկնարկը կլինի այս գարնանը և կշարունակվի հաջորդող 5 տարիների ընթացքում:

2018թ.-ին «Էյ Թի Փի»-ի կողմից «Հրանտ Դինք» անտառում իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ անտառում առկա է խնամքի և սանիտրական հատումներ կատարելու անհրաժեշտություն:  Սա «Էյ Թի Փի»-ի տնկած անտառներից դեռևս առաջինն է, որտեղ անտառի բնականոն աճն ու զարգացումը ապահովելու նպատակով պահանջվում է իրականացնել խնամքի, հատման և մաքրման աշխատանքներ:   

Խորհրդակցելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի,  Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության և  Անտառային պետական մոնիթորինգի կենտրոնի համապատասխան մասնագետների հետ՝  «Էյ Թի Փի»-ն հիմք է ընդունել խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը: Տարածքն ուսումնասիրելու, փորձահրապարակներ հիմնելու, հատման ենթակա ծառերի քանակը հաշվառելու նպատակով նշված բոլոր  գերատեսչությունները կայցելեն անտառ։ Ընտրված ծառերի վրա կդրվի կնիք՝ դրանք առանձնացնելու նպատակով:

Խնամքի հատումն անտառների կառավարման արդյունավետ գործիքներից է ամբողջ աշխարհում: Այն խթանում է ծառերի աճն ու զարգացումը՝ միաժամանակ  նպաստելով անտառային կենսաբազմազանության ձևավորմանը:

Վերոնշյալ աշխատանքների իրականացման օգուտներից մեկն էլ այն է, որ այդ միջոցով կկրճատվի անտառային հրդեհների և դրանց հետևանքների ծավալը, քանի որ սոճու խիտ ծառուտներում հրդեհը կարող է շատ ավելի արագ տարածվել:  Հարկ է նշել, որ կլիմայական պայմանների փոփոխությամբ պայմանավորված՝ Հայաստանը գտնվում է անտառային հրդեհների բարձր ռիսկայնության գոտում:

Նախքան խնամքի հատման աշխատանքներին անցնելը հաշվի են առնվելու մի քանի չափորոշիչներ: Օրինակ՝ կհատվեն միայն անտառի ամենախիտ հատվածները, մինչդեռ թեք հատվածներում նոսրացում չի իրականացվի ՝խուսափելու համար հողի դեգրադացումից և էրոզիայից:

Հատումներից ստացված փայտը կվերածվի մուլչի: Այն մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ մեթոդներից է, որն «Էյ Թի Փի»-ն կիրառում է իր նորատւնկ անտառներում:  Փոքր բուսակների շուրջ մուլչապատումը օգնում է պահպանել հողի խոնավությունը և կանխել մոլախոտերի աճն ու տարածումը:   

Խնամքի հատման աշխատանքներից հետո ծառուտի որոշ հատվածներում կտնկվեն տերևավոր տեսակներ՝ մասնավորապես կաղնի, կեչի, վայրի խնձոր և տանձ՝ այս կերպ նպաստելով խառը անտառի ձևավորմանը:

«Էյ Թի Փի»-ն տնկում է անտառներ 20 տարով անհատույց վարձակալությամբ վերցված համայնքային հողերում: Պայմանագրի ավարտից հետո անտառը վերադարձվում է համայանքին:  Հիմնադրամի բնապահպանական կրթության և անտառվերականգնման բաժինները համագործակցում են տեղի ինքնակառավարման մարմինների, համայնքի ներկայացուցիչների և բնակիչների հետ՝ նրանց իրազեկելով անտառների կարևորության և ռեսուրսների կայուն կառավարման մասին: Այդպիսով ակնկալվում է, որ հետագայում նրանք ինքնուրույն հոգ կտանեն այդ անտառների մասին: Հիմնադրամը  հետագայում ևս շարունակելու է մշտադիտարկումներ իրականացնել այդ տարածքներում և տրամադրել խորհրդատվություններ` վստահ լինելու համար, որ անտառը ստանում է համապատասխան խնամք այն ապագա սերունդներին փոխանցելու համար:

Նյութը՝ «Էյ Թի Փի»- ի անտառագետ Վահե Մարտիրոսյանի և կազմակերպության փոխտնօրեն Ջեյսոն Սոհիկյանի

18:46 Մարտ 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news