Իրականում որքա՞ն հա է ընդգրկել «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը

Իրականում որքա՞ն հա է ընդգրկել «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիք» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ: Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը: Նախկին պաշտոնյան  օգոստոսի 12-ին Ֆեյսբուք սոցիալական կայքում գրառում է արել այս մասին՝ կցելով այրված տարածքների 2018 և 2019 թ. հրդեհից հետո արված արբանյակային պատկերները:

«1-ին պատկեր՝ 2018թ-ի տվյալ տարածքի բարձր լուծաչափով արբանյակային պատկեր: 2-րդ պատկերում համադրված են ըստ հրդեհի աստիճանի քարտեզը արբայնակային պատկերի հետ: 3-րդ պատկերում ներկայացված է տարածական քարտեզը ըստ հրդեհի աստիճանների՝ համեմատաբար թույլ (դարչնագույն) - 25.4 հա , միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) - 18.6 հա»,- գրել է Այսեր Ղազարյանը: 

Մինչդեռ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից օգոստոսի 12-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք:

ԱԻՆ լրատվականից ԷկոԼուրին հայտնեցին, որ ԱԻՆ-ը ներկայացրել է օպերատիվ տեղեկատվություն, իսկ ամբողջական տվյալները չափումներից հետո կհրապարակի Շրջակա միջավայրի նախարարությունը: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է այրված տարածքի մակերեսի նման տարբերություն լինի, պատասխանեցին. «Չեմ կարծում: Մենք օպերատիվ գործողություններ կատարող ենք: Մեր թիվ մեկ խնդիրը հրդեհաշիջումն է, ոչ թե տարածքի չափագրումներ կատարելը»: Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանն էլ նշեց, որ նախարարությունը դեռևս ուսումնասիրում է տվյալները. «Մենք դեռ չունենք ամփոփված տվյալներ: Չենք կարող ԱԻՆ-ի տվյալները մեկնաբանել»։



19:02 Օգոստոս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news