Չնայած «Դիլիջան» միջազգային դպրոցի ներդրողների խոստումներին` կառուցապատման նախագիծը մնաց ստվերում

Չնայած «Դիլիջան» միջազգային դպրոցի ներդրողների խոստումներին` կառուցապատման նախագիծը մնաց ստվերում

ԷկոԼուր

«Դիլիջան» միջազգային դպրոցի կառուցման նախագիծը, որը ֆինանսավորվում է հայկական արմատներ ունեցող ռուսաստանյան գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից, այդպես էլ մնաց ստվերում: Նախագծի վերաբերյալ օգոստոսի 12-ին` Դիլիջանում, անցկացված հասարակական լսումները դժվար է հասարակական անվանել, քանի որ հիմնական շահագրգիռ կողմերը հրավիրված չէին:

Միջոցառման կազմակերպումն իր վրա վերցրած Դիլիջանի քաղաքապետարանը տեղյակ չէր պահել տեղի հասարակական կազմակերպություններին, Դիլիջանի օրհուս կենտրոնին եւ նույնիսկ «Դիլիջան» ազգային պարկին, որից միջազգային դպրոցը վարձակալության է վերցնում 67 հա անտառային տարածք:

«ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը հաստատեց, որ չի մասնակցել հասարակական լսումներին, քանի որ որեւէ հրավեր չի ստացել: «Բայց ավելի շուտ նախագծի ներկայացուցիչների հետ մեզ մոտ բանակցություններ եղել են, եւ ես վստահեցնում եմ, որ ազգային պարկում անտառին ձեռք չեն տա: Մեր տարածքում կառուցելն անհնար է: Դրանք շատ  կտրուկ թեքություններ, այստեղ միայն զբոսաշրջային երթուղիներ կարելի է գցել»,- ասաց նա:

Չգիտենք` այդպես է դա, թե ոչ, քանի որ հենց ազգային պարկի անտառների տակ` շինհրապարակում, արդեն ծանր տեխնիկա է աշխատում, տարածքը  հարթեցվում է եւ մաքրվում: Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն մինչեւ 2014թ.: Ինչպես բացատրեց Դավթյանը, շինհրապարակի հետ ազգային պարկը առնչություն չունի, քանի որ շինարարությունը կատարվում է Դիլիջան քաղաքի վարչական տարածքում:

Նշենք, որ Դիլիջանում Միջազգային դպրոցի նախագիծը բազմիցս քննարկվել է սոցիալական ցանցերում, եւ նախգծի նախաձեռնողները մամուլում հրապարակեցին բաց նամակ, որտեղ համոզմունք հայտնեցին, որ հարգում են քաղաքացիական հասարակության կարծիքը եւ պատրաստ են նրա հետ հաշվի նստել: Տվյալ դեպքում հարգանքը ցուցաբերված էր բացառապես Դիլիջանի քաղաքապետարանի նկատմամբ, բայց ոչ քաղաքացիական հասարակության, որը հնարավորություն չունեցավ արտահայտվել եւ առաջարկություններ անել:



13:52 Սեպտեմբեր 13, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news