«Դիլիջան» ազգային պարկում հատել են ծառերը. բնապահպանության նախարարությունը պարզաբանում է

«Դիլիջան» ազգային պարկում հատել են ծառերը. բնապահպանության նախարարությունը պարզաբանում է

ԷկոԼուր

Վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում տարածվել է երկու ահազանգ` «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների վերաբերյալ: Առաջին ահազանգը տարածել է քաղաքացի Տիգրան Շահբազյանը և ներկայացրել է լուսանկարներ:

«Մենք կիրակի օրը քայլարշավ էինք իրականացնում Տավուշի մարզի Թեղուտ գյուղից` սարերով դեպի Հաղարծին գյուղ: Հատված ծառերը գտնվում էին երկու գյուղերի արանքում ընկած հատվածում: Այս պատկերն ամբողջ Տավուշի մարզում նույն է: Ամեն արշավին կարելի է տեսնել` ինչպես են բեռնատարներով տեղափոխում կտրված ծառերը: Դա կատարվում է և «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, և տարածքից դուրս` Իջևանում, Կիրանցի անտառներում, Լաստիվերում», - «ԷկոԼուր»-ին փոխանցեց Տիգրան Շահբազյանը:  

Մյուս ահազանգը տարածել է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Այս լուսանկարներն այսօր արել են օտարերկրյա զբոսաշրջիկները «Դիլիջան» ազգային պարկում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից տարածքներում։ Ճանապարհի եզրերով` մոտ 2 կմ երկարությամբ, բազմաթիվ հատված ծառեր ու փայտի կույտեր են», - նշել է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանը։  

ՀՀ բնապահպանության նախարարությունից «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ առաջին ահազանգից հետո ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են 12 հատված ծառ:

«Ըստ «Դիլիջան» ազգային պարկից ստացված պարզաբանման` 2017 թվականի մարտի 27-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղում հայտնաբերվել է 12 տարբեր տեսակի և տրամագծի կտրված ծառ: Կազմվել են համապատասխան անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվելու են բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային ստորաբաժանմանը: Նույն տարածքում նաև առկա են եղել նախկինում հաշվառված 12 կոճղ, որոնց վերաբերյալ արդեն իսկ կազմված են եղել համապատասխան անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել են բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային ստորաբաժանմանը», - փոխանցեցին նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկրորդ ահազանգի վերաբերյալ նախարարությունից փոխանցեցին, որ ազգային պարկի աշխատակիցները ներկայում աշխատում են տարածքում` պարզելու համար` ծառերն ապօրինի են հատված, թե նախկինում քամատապալ եղած ու նոր կտրատված են:

Նյութում օգտագործված լուսանկարները վերցված են Տիգրան Շահբազյանի ֆեյսբուքյան էջից և «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան խմբից:

19:09 Մարտ 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news