Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում ապօրինի հատվել է մոտ 2500 ծառ

Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում ապօրինի հատվել է մոտ 2500 ծառ

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատի կամավորները սույն թվականի նոյեմբերի 22-ի Լոռու մարզի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են ավելի քան 1030 ապօրինի հատված ծառ, որոնցից 870-ը` թարմ հատված: Հատված ծառերի տրամագծերը կազմել են 10-130 սմ։

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, հատված ծառերի վրա իրենք կնիքներ չեն տեսել: Միայն մի քանի տեղ կանաչ գույնով անհասկանալի գրառումներ են նկատել:

Օրինական հատվող ծառերը պետք է  կնքված լինեն, եւ այդ կնիքները հատելուց հետո կոճղի վրա պետք է երեւան: 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է. «Հատատեղային ֆոնդի ծառը, որ պիտի հատվի, կնքվում է, բայց հատումն իրականացրել են կնքված նշանից ներքեւ: Սա, այսինքն, աշխատանքային թերություն է»:

Ըստ Լեւոն Գալստյանի` «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավորները Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում  2015թ-ին հայտնաբերել են մոտ 2500 ապօրինի հատված ծառ: Մինչդեռ պաշտոնական տվյալներով` 2015թ-ին ապօրինի հատվել է 1273 ծառ:

Նշենք, որ 2016թ-ի բյուջեի նախագծով Հայաստանում անտառատնկումների համար գումար նախատեսված չէ: 1 միլիարդ 201 միլիոն դրամ ուղղվելու է անտառային տնտեսության աշխատողների աշխա­տավարձի ապահովմանը, 54 միլիոն 656 հազար դրամ`անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտա­ռածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառ­վերա­կանգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասա­տուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերա­բերյալ տվյալների հավաքագրմանը:



12:32 Նոյեմբեր 23, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news