Մայրաքաղաքի «կանաչ» դիմագիծը կփոխվի

Մայրաքաղաքի «կանաչ» դիմագիծը կփոխվի

ԷկոԼուր

Քաղաքային նոր իշխանությունները խոստանում են հիմնովին փոխել մայրաքաղաքի «կանաչ» դիմագիծը: 2019 թ-ին և հետագա տարիներին իրականացվելիք Երևանի կանաչապատման ծրագիրը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում:

Ըստ նրա՝ 2019թ-ի ընթացքում կտնկվեն ավելի քան 1 միլիոն ծաղկասածիլներ, կստեղծվեն ծաղկանոցներ, կլինեն քաղաքին բնորոշ նոր ծաղկատեսակներ: Բացի այդ, բուժման կենթարկվի մոտ 35.000 ծառ:

«Ազատության հրապարակի տարածքում սրճարաններից ազատվող շուրջ 1 հեկտար տարածքի վրա նախատեսված է ծերացած դեկորատիվ և տեսքը կորցրած ծառատեսակները վերափոխել մշտադալար տնկիներով` եղևնիներով, փռվող և ցածրաճ գիհիներով, տույաներով, ծաղկող թփերով: Այստեղ նոր կանաչապատ գոտի է վերակենդանանալու, և այս աշխատանքներն արդեն մեկնարկված են: Մինչև տարեվերջ ունենալու ենք ամբողջական պատկերը:

Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ՝ համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում ավելի քան 20 հեկտար տարածքի վրա մեկնարկելու են նոր անտառ-պուրակի ձևավորման աշխատանքներ: Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք և բազմամյա ծառեր: Երբ Նուբարաշենի աղբավայրը կռեկուլտիվացվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում:

Կկանաչապատվի և կձևավորվի Հյուսիս-հարավ ճանապարհային հատվածի Դավթաշեն- Աշտարակ հատվածին հարող շուրջ 3 հեկտար տարածքը:

Մոնթե Մելքոնյան մայրուղուն հարող հատվածում՝ 27 հեկտարի վրա, նոր կառուցապատման աշխատանքներ են մեկնարկելու, որի 70 տոկոսի վրա նախատեսված են կանաչապատման աշխատանքներ», - ներկայացրեց Խաչիկ Հակոբյանը:

Կանաչապատման աշխատանքներ են նախատեսված մայրաքաղաքի շենքերի, բակերի, վերգետնյա անցումների, կամուրջների անցումների համար: Հակոբյանի խոսքով՝ 2019-ին կկառուցվի նոր ոռոգման ցանց: Ծառատնկումներ կիրականացվեն միայն այն տարածքներում, որոնց համար հասանելի է ոռոգման ջուրը: Երևանի փողոցներում կտնկվեն 2-ից 3 տարեկան տնկիներ՝ ուղղաձիգ, հաստ բներով, մինչև 4 սմ տրամագծով:

Խաչիկ Հակոբյանը նշեց՝ կզարգացվեն տնկարանային և ջերմոցային տնտեսության ոլորտները: «Մենք այս պահին ունենք մոտ 20 հեկտար տնկարանային տնտեսություն, որի շրջանակներում 6000 քառ/մ ջերմոցային տնտեսություն: Մեզ համար էական է ձևավորել սեփական բարձրարժեք բուսատեսակներ: Դրանց ինքնարժեքը կլինի բավականին մատչելի, քաղաքը հնարավորություն կունենա ավելի շատ տնկիներ և բուսածիլեր ստանալ: Այստեղ են նաև տեղափոխվելու քաղաքի հոբելյանի առիթով նվիրված 2800 արծաթափայլ եղևնիները: Դրանք կխնամվեն և 1-2 տարուց կտեղափոխվեն համապատասխան վայրեր և տարածքներ», - նշեց Խաչիկ Հակոբյանը:

Նա հավելեց, ըստ որդեգրած քաղաքականության, այսուհետ կանաչապատման աշխատանքներ են նախատեսվելու նաև մայրաքաղաքի մանկապարտեզների համար: 2019 թ-ի ընթացքում նախատեսվում է կանաչապատել 8 մանկապարտեզի տարածք:

Ինչ վերաբերում է էտման աշխատանքներին, ըստ Հակոբյանի, ներդրվելու է կանոնավորված էտման քաղաքականություն: «Մինչև այս էտման աշխատանքները իրականացվել են  ֆորսմաժորային իրավիճակներում, երբ վտանգ են ներկայացրել իրենցից ծառերի ճյուղերը կամ ծառերը, կամ եղել է հանրության պահանջը: Մենք ներդնելու ենք ըստ փողոցների, ըստ ծառատեսակների, հաջորդական պլանավորումով էտման աշխատանքներ: Էտման աշխատանքներն իրակնացվելու են սանիտարական ձևավորման տրամաբանությամբ, խորը, կանաչ էտման եղանակով: Էտված ծառերի ճյուղերը ոչ թե տեղափոխվելու են տգեղ բեռնատարներով, այլև տեղում լինելու են ճյուղերի աղացներ, աղալու են, համապատասխան պարկերով մեքենաների մեջ տեղադրվելու և տեղափոխվելու: Այդ ճյուղերը, որպես կանոն, տրամադրվում են սոցիալական տարբեր խմբերի, ովքեր որպես վառելափայտ այն օգտագործում են: Այս եղանակով ավելի նպատակահարմար կլինի, որովհետև թեփի օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր է: Կունենանք թեփի մի մաս, որը կօգտագործվի հենց ծառատնկման աշխատանքների ժամանակ», - ասաց Խաչիկ Հակոբյանը:

Նախատեսվում են նաև պարբերական մաքրման աշխատանքներ Հրազդանի կիրճում և այլ տարածքներում: Հակոբյանի խոսքով՝ մայրաքաղաք կտեղափոխվի 8500 խմ բուսահող, որը կօգտագործվի այն բոլոր սիզամարգային հատվածներում, որտեղ բացակայում են հողային շերտերը: Այդ բուսահողը կօգտագործվի նաև նոր կանաչապատ տարածքների ստեղծման ժամանակ:

Խաչիկ Հակոբյանն ընդգծեց, որ կներդրվի «կանաչ» նախագծերի ինստիտուտ:  Ցանկացած կառուցապատման առաջարկի հետ մեկտեղ պետք է լինեն կանաչ մակերեսների ստեղծման աշխատանքներ:

Կիրականացվեն նաև կանաչ տարածքների և նրանցում առկա խնդիրների թվային գույքագրման աշխատանքներ:

«Հաճախ ցավալի պատկերի ենք ականատես լինում, երբ արտաքնապես առողջ ծառերն ընկնում են և լինում են կասկածներ, որ միտումնավոր նյութեր ենք օգտագործվում ծառերն այդ վիճակին հասցնելու համար: 2019 թ-ին նման դեպքերի համար նախատեսվում են լաբորատոր աշխատանքներ», - շեշտեց Խաչիկ Հակոբյանը:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան նշեց՝ ծրագիրը լավն է, սակայն դժվար է պատկերացնել, ինչպես է այն իրագործվելու, հատկապես Երևանի կենտրոնում:

«Մասնագետներն արդեն 20 տարի խոսում են խնդիրների մասին, հատկապես կանաչ տարածքների ակտիվ զավթման, որն արագ ընթացավ կենտրոնում: Ամենամեծ խնդիրները մենք ունենք հենց կենտրոնում: Շենքերի կառուցման առումով աղետալի վիճակ է, շենքերը շատ մոտ են իրար, կենտրոնն արդեն չի շնչում, օդի մաքրությունն էլ է խնդիր, ջերմությունն ավելի բարձր է,  մեքենաները սարսափելի քանակի են հասել, որին մեր քաղաքը բոլորովին պատրաստ չէ: Այդ ամենը կարելի էր մեղմացնել, եթե մեր կանաչապատումը լիներ ավելի լավը: Կանաչապատումը պետք է եռաշերտ լինի, այդ ժամանակ մայթերը կլինեն ավելի մատչելի մարդկանց համար, բույսը կծածկի ամբողջ վատ հոսքը մեքենաներից դեպի մարդկանց, անհամեմատ ավելի բարենպաստ կլինի վիճակը բնակչության համար: Հիմա մենք ավելի շատ ունենք հնարավորություններ բարելավելու վիճակը քաղաքի ծայրամասերում, քան կենտրոնում: Բակային տարածքներում ամբողջովին ավտոտնակներ են, ես չեմ պատկերացնում, ոնց կարելի է այդ հարցը լուծել: Լավ կլիներ, եթե բակային տարածքները դարձնեինք պուրակներ: Բացի այդ, կենտրոնում մայթերին եթե դնենք ուղղաձիգ ծառեր, չենք ունենա նորմալ ստվեր, իսկ ամռանը մեզ համար ամենակարևորը ստվերն է», - ասաց Գոհար Օգանեզովան:

15:41 Հունվար 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news