ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին: Նախագիծը կիրականացնի «Պարկ գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն ըստ էլեկտրոնային ռեգիստրի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանն է:
Ժամանցի կենտրոնը կկառուցվի Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից «Դալմայի այգիներ» կոչված տարածքում: Նախատեսվում է կառուցել ատրակցիոններ, ջրային և կանաչապատ տարածքներ, սպասարկման կետեր և ավտոկայանտեղիներ: Հայտի համաձայն` հողամասն ունի հատուկ պահպանվող տարածքի նշանակություն՝ հանգստի համար նախատեսված գործառնական նշանակությամբ:
Շինարարությունը նախատեսվում է կատարել 3 փուլով: Առաջին փուլում՝ 2019 թ. սեպտեմբերին, նախատեսվում է փակ տարածքի բացումը մինչև 12 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների համար: Երկրորդ փուլում՝ 2020թ. ապրիլին, կկառուցվի բացօթյա տարածքի գլխավոր մասը 20 ընտանիքների համար՝ սրճարան-ռեստորան, մի քանի էքստրեմալ ատրակցիոնով, արհեստական լճով և երեխաների համար նախատեսված ինտերակտիվ շատրվանով: 2021թ. ապրիլին կավելանան էքստրեմալ ատրակցիոնները: Այգու կենտրոնական հրապարակում կբացվեն պարող շատրվաններ: Շինարարության ավարտից կկատարվի տարածքի կանաչապատում:
Նախկին այգիների տարածքում համալիրը կունենա 27.66 հա մակերես: Այդտեղ առկա են ծառաթփատեսակներ և պտղատու ծառեր, որոնք շինարարության առաջին փուլում չեն հատվելու: Շինարարության երկրորդ և երրորդ փուլերում տարածքը մաքրվելու է ծերացած և չորացած ծառերից, ինչը կկատարվի Երևանի քաղաքապետարանի վարչության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:
Տարածքի ընդհանուր մակերեսի 7%-ը կզբաղեցնեն շենքեր, շինություններ, ատրակցիոններ ու ջրային մակերեսներ, 23%-ը՝ ճանապարհներ, արահետներ ու ավտոկայանտեղիներ, իսկ 70%-ը՝ կանաչ գոտիներ:
Ըստ հայտի` համալիրի կառուցումը կստեղծի 350 նոր աշխատատեղ:
Փետրվար 08, 2019 at 15:01