Օրինական, թե՞ անօրինական հատումներ. տեսչական մարմնի պաշտոնանկ ղեկավարը` անտառային ոլորտի խնդիրների մասին

Օրինական, թե՞ անօրինական հատումներ. տեսչական մարմնի պաշտոնանկ ղեկավարը` անտառային ոլորտի խնդիրների մասին

ԷկոԼուր

«Հայաստանում անտառային ոլորտը ոտքից գլուխ անհասկանալի է և ենթակա է կարգավորման»,- ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնանկ ղեկավար Արթուր Գրիգորյանը` իր կողմից հանրային հաշվետվության ներկայացման ժամանակ:

Կարգավորման ենթակա խնդիրներից մեկը հատատեղերի որոշման կարգն է, որը պետք է իրականացվի անտառշինական նախագծերի հիման վրա: Արթուր Գրիգորյանի խոսքով` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր անտառտնտեսությունների անտառշինական նախագծերի ժամկետներն ավարտվել են:

«Անտառշինական նախագծերը տրվում են 10 տարի ժամկետով: Մենք հարցում ենք արել բնապահպանության նախարարություն`պարզելու, թե որ մասնաճյուղերում կան անտառշինական նախագծեր, որոնք դեռ ավարտված չեն: Ըստ նախնական տեղեկատվության`բոլորն ավարտվել են: Կա ինչ-որ մասնագիտական հանձնաժողով, որը պետք է տրամադրի եզրակացություն՝ որտեղ ինչքան հատատեղի տրամադրել: Այս պայմանը շատ հարմար է, երբ չկա անտառշինական նախագիծ, որը լուրջ և հանրամատչելի փաստաթուղթ է, բայց կա մի հանձնաժողով, որը որոշում է կայացնում՝ այս տարածքում թույլատրել, թե` չթույլատրել: Ու երբ տեսչությունը գնում, տեսնում է, որ ծառը համարվում է օրինական հատված, որևէ հնարավորություն չունի գնահատելու, թե այդ ծառն օրենքի իմաստով հատման ենթակա է, թե՝ ոչ, - ասաց Արթուր Գրիգորյանը և օրինակներ բերեց, - Կապանի անտառտնտեսությունում իրականացրել ենք ստուգում և պարզվել է, որ 3 տարվա ընթացքում ապօրինի հատվել է 380 ծառ, իսկ օրինական` մոտ 20.000: Հիմա հարց՝ ինչպե՞ս գնահատենք, արդյոք օրինական հատումները համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին: Կամ, Ճամբարակի հատվածում հսկայական քանակությամբ մեծ կտրտված կաղնիներ կան, բայց օրինական հատման տակ:

Հաջորդ խնդիրը` «Հայանտառ»-ի աշխատավարձը ձևավորվում է բացառապես մթերված փայտանյութից: Ստացվում է, որ այդ մարդիկ ինչքան շատ հատատեղ տրամադրեն, այդքան ավելի շատ կձևավորվի աշխատավարձի ֆոնդը: Սա է համակարգը, ոտքից գլուխ անհասկանալի»:

Ըստ Գրիգորյանի` բացառվում է, որ որևէ տարածքում լինեն ապօրինի հատումներ, և այդ տարածքի անտառապետերը, անտառապահները չիմանան: «Լալվարի անտառտնտեսությունում 3 տարվա ընթացքում ապօրինի հատվել է 3200-ից ավելի ծառ, մեծմասը` Շնողի անտառպետությունում: Ո՞նց կարող է այդ քանակությամբ ծառ ապօրինի հատվել և տարածքում մշտական հսկողություն իրականացնող պարտավորություն ունեցող անձիք չիմանան այդ մասին: Չի լինում այդպիսի բան, այդտեղ տեխնիկա է մտնում, սղոց էաշխատում», - նշեց Արթուր Գրիգորյանը:

 

13:51 Փետրվար 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news