«Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն. Էդուարդ Աղաջանյան

«Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն. Էդուարդ Աղաջանյան

ԷկոԼուր

Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքները կանտառապատվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։

Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր»։ Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։

Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։

Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2020 թ-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս», - գրել է Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին կայացած «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020 թ-ի հոկտեմբերի 10-ին. Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 միլիոն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխհորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը»:

 

17:51 Նոյեմբեր 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news