Երևան քաղաքի համար կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ

Երևան քաղաքի համար կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ

ԷկոԼուր

Երևան քաղաքում ծառերի աշնանային էտին զուգահեռ կգույքագրվեն բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որը կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Աշնանային էտը մայրաքաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 21-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը:
Պաշտոնական աղբյուրը նշում է՝ երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետևանքով վնասվում:

«Մենք տեղազննում ենք կատարում, արդյունքները ներկայացնում բնապահպանության վարչություն, փորձագետները մոտենում են, միասին նայում ենք, տալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատման, թե՞ երիտասարդացման, և որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- ասել է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը:

«էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձևավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ և խոր էտ»,- նշել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը:

«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է և գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա և արմատի կումուլիատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»»,- իր հերթին շեշտել է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:

Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երևանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր:

«Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենք, բայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվել: Ես կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասել է գյուղատնտես Մելս Գալստյանը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Նավասարդյանն էլ նշել է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»:

«Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատում, չի կարելի վերցնել և հեռացնել որոշակի մասը սաղարթի և թողնել այդ բունն այդպես տկլոր: Արմատային համակարգը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու և սնուցվելու, որովհետև տերևներից է ծառը սնուցում ստանում: Մենք պետք է միասին նստենք և հասկանանք՝ ինչ է պետք անել, և գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենք, որ 30 տարվա սխալ աշխատանքի հետևանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակը, և մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- հավելել է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է:

«Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածում, որտեղ գարնանը կատարել ենք խոր էտ, տեսեք, թե ինչ սաղարթ է ձևավորված»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը:

Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:

«Սանիտարական հատումն էլ է պետք, որովհետև, եթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենք, կարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալ. ծառերի տապալում, կոտրված ճյուղեր...»,- շեշտել է Արծվին Գրիգորյանը:

 

14:09 Նոյեմբեր 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news