Կվերականգնվեն Երևանի կանաչ գոտիները, կանցկացվեն ոռոգման ցանցեր, կտեսակավորվի աղբը. քաղաքապետարանի բնապահպանական խոստումները

Կվերականգնվեն Երևանի կանաչ գոտիները, կանցկացվեն ոռոգման ցանցեր, կտեսակավորվի աղբը. քաղաքապետարանի բնապահպանական խոստումները

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը խոստանում է՝ 2020 թ-ը Երևանի բնապահպանական խնդիրների լուծման համար կլինի շրջադարձային, իսկ արդյունքները տեսանելի կլինեն արդեն նոր տասնամյակի առաջին տարիներից:

Քաղաքի բնապահպանական խնդիրներով կզբաղվի նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկը: «ՀՈԱԿ-ը կունենա մոտավորապես 750 աշխատակից, ևս 200 հոգի հնարավորություն կունենա սեզոնային աշխատանք ունենալու: Աշխատակիցների աշխատավարձն էլ նախկինի համեմատ մոտ 2.5 անգամ ավելին կլինի, ինչը հնարավորություն կտա ներգրավել որակյալ մասնագետների»,- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքերն է մեջբերում քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Մասնագիտական թիմը քաղաքի կանաչ տարածքների խնամքի ու ոռոգման համար կառաջարկի նոր՝ համալիր լուծումներ: Կանաչապատման նախկին ձեռնարկությունների աշխատակիցներն էլ անգործ չեն մնա և կհամալրեն արդեն նոր հիմնարկի աշխատակազմը: Համայնքային հիմնարկը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ:

Նշվում է, որ Երևանի կանաչ գոտիները տարիների ընթացքում անճանաչելի են դարձել: Մի մասը սեփականաշնորհվել, հատվել ու կառուցապատվել է, մի մասն էլ պարզապես անխնամ վիճակում է կամ չորացել է:

«Մինչև այսօր կանաչապատումը կազմակերպվում էր 12 վարչական շրջաններում գործող ՓԲԸ-ների միջոցով, իսկ առկա բյուջեի 80 տոկոսն ուղղվում էր աշխատավարձերին: Եվ ստացվում էր, որ արդյունքը, որ մենք ուզում էինք ստանալ, տեսանելի չէր»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:

Կանաչապատման ցանկացած ծրագրի հաջողությունը կախված է ոռոգումից: Այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է օգտագործել մետրոպոլիտենի գրունտային ջրերը, խորքային հորերն ու չգործող պոմպակայանները:

«Արդեն ունենք ոռոգման ցանցի քարտեզագրումը էլեկտրոնային տարբերակով: Բացի այդ, ունենք տարբեր խորքային հորեր, որոնք ժամանակին պետական գույքի կոմիտեն դրանք վաճառել է: Հիմա ձեռնարկել ենք դրանք կրկին համայնքապատկան դարձնելու գործընթաց»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:

2020-ին արդեն տեսանելի կլինեն նոր մոտեցումները:

Ոռոգման ցանցերն անցկացնելուց հետո կսկսվեն տարածքների վերականգնման աշխատանքները: Սարալանջի 10 հա տարածքի նախագիծը պատրաստ է: 2020-ին կկանաչապատվի նաև Աշտարակ-Դավթաշեն ճանապարհահատվածի հարակից շուրջ 4,5 հա: Կվերականգնվեն նաև Աբովյանի և Սարյանի անվան պուրակները:

«Կամայական կանաչապատում Երևանում այլևս չի լինելու: Բոլոր աշխատանքներն ու լուծումները կլինեն միասնական մոտեցմամբ: Քաղաքի միամյա ծաղիկների մեծ մասը կփոխարինենք բազմամյայով: Կունենանք նաև ուղղաձիգ կանաչապատում»,- ասել է բնապահապանության վարչության աշխատակից Գայանե Ներսիսյանը:

Ծիծեռնակաբերդի 8 հա համայնքային հողատարածքում և Արաբկիր զբոսայգում ընթացիկ տարում մեծ ծավալով կոճղաշիվային էտում է արվել: Հաջորդ տարվա ծրագրում ծառերի համալրման խնդիրն է դրված:

Քաղաքի կանաչ գոտիների վերականգնման և քաղաքի զարգացման ծրագրերում են նաև Փարոսի, Սիլիկյան թաղամասի, Նուբարաշենի խճուղու, Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտիները: Կբարեկարգվի և կվերականգնվի նաև Կոմիտասի անվան այգին:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կառույցը կզբաղվի նաև բնապահպանական կարևոր նշանակության այլ հարցերով, մասնավորապես աղբի տեսակավորմամբ, այդ թվում՝ վտանագվոր թափոնների:

 

13:57 Դեկտեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news