Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

ԷկոԼուր

Հունիսի 20-ի երեկոյան հնարավոր է դարձել մարել Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի բոլոր օջախները: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 21-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց մեկնած փրկարարները  հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերել: 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։

Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին. դեպքի վայրում աշխատել է 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։ Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին. աշխատանքներին մասնակցել են 120 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից։

Հունիսի 20-ին, ժամը 08։00-ից Խոսրովի անտառ պետական արգելոցում վերսկսվել են հետախուզման աշխատանքները։ Մինչ ժամը 20։30-ը հրշեջ-փրկարարները մարել են բոլոր ծխացող օջախները. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։

Այնուհետ իրականացվել են ծխացող օջախների, ծառի բների, տորֆային հատվածների քանդման և մարման աշխատանքներ։



15:16 Հունիս 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news