Արգելված անտառի կարոտով. Տավուշի մարզ, «Դիլիջան» ազգային պարկ (Լուսանկարներ)

Արգելված անտառի կարոտով. Տավուշի մարզ, «Դիլիջան» ազգային պարկ (Լուսանկարներ)

ԷկոԼուր                                                                 

ՀՀ Տավուշի մարզում գտնվող «Դիլիջան» ազգային պարկի հարակից համայնքները չեն համակերպվում անտառը հատելու արգելքի հետ: Դեպի անտառ ճանապարհը ավելի ցանկալի է դառնում հատկապես ձմռան նախաշեմին: Ի տարբերություն այլ անտառամերձ համայնքների, ազգային պարկի հարակից համայնքները հնարավորություն չունեն օգտվել 8 խմ անվճար թափուկից, ինչն իրենք՝ բնակիչները, համարում են անարդար: Եթե հաշվի առնենք, որ որեւէ այլընտրանքային վառելիք բնակչությանը չի տրամադրվում, ապա  այստեղ էլ սկսվում է «ազգային պարկ» և «մարդ» կոնֆլիկտը:

ENPI EAST FLEG 2 ծրագրի փորձագիտական խումբը այցելեց «Դիլիջան» ազգային պարկի հարակից Հաղարծին և Գոշ համայնքներ՝ բնակիչների հետ հանդիպելու և նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հաղարծին. «Գյուղը սովի է մատնված»

4000-ից ավել բնակչություն ունեցող Հաղարծին գյուղում ոչ անասնապահությունը, ոչ գյուղատնտեսությունը զարգացած չեն: Հիմնական պատճառները կապված են ոռոգման համակարգի և մթերքի իրացման շուկայի բացակայության հետ: Համայնքների արոտավայրերը սակավ են և դեգրադացված: Չնայած նրան, որ այստեղ է գտնվում հայտնի Հաղարծինի վանքային համալիրը, զբոսաշրջությունը նույնպես զարգացած չէ: Ապրուստի հիմնական միջոցը, ինչպես բնակիչներն են ասում, Ռուսաստանից ուղարկվող գումարներն են:  Սակայն ռուսական ռուբլու փոխարժեքի անկման պատճառով բնակիչներն այդ եկամտից էլ զրկվեցին: Հաղարծինի բնակչուհու խոսքով՝ գյուղը սովի է մատնված, բոլորը վարկերի տակ են, իսկ ելք ու ճար չկա: Ձմռան մոտենալուն պես սովին գումարվում է նաև ցուրտը:

«Մեկ ընտանիքին սեզոնին անհրաժեշտ է 10 խմ-ից ավելի փայտանյութ: Մենք, իհարկե, կուզենայինք ստանալ անվճար թափուկը, բայց մեզ չեն տալիս:  Գազից բնակիչները քիչ ենք օգտվում, որովհետև վճարունակ չեն», - ասաց Հաղարծինի դպրոցի տնօրենը:

«Եթե ուզում ենք անտառից օգտվենք՝ վճարում ենք: Ժամանակ են տալիս` թափված ծառերը, ճյուղերը հավաքելու համար: Մի 10 կմ տարածք պետք է ոտքով քայլես անտառի մեջ, որ կարողանաս մի բան հավաքել: Եթե դու քո միջոցներով ես բերում՝ 2 խմ-ն 10.000 դրամ արժի, եթե առնում ես՝ 30.000 դրամ», - ասաց Հաղարծինի բնակիչը:

Դեռևս անցյալ տարի բնակիչները փակել էին Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհը, քանի որ ազգային պարկի նոր տնօրինությունն արգելել էր անտառից վառելափայտ դուրս բերել: «Անցյալ տարի փայտի համար բունտ էր, չէին թողնում վաճառեն, ոստիկանությունը եկավ, բոլորին հավաքեց, տարավ»,- բողոքեց Հաղարծինի բնակչուհին: Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Սամվել Գևորգյանի կարծիքով՝ խնդրի լուծման տարբերակը գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումն է:

ԳՈՇ. «Մեր գյուղի ապագան լավ չի»

Աղքատություն, գործազրկություն, արտագաղթ...Այսպիսին է 1200 բնակչություն ունեցող Գոշ գյուղի պատկերը: Այս տարի գյուղում սկսվել են գազաֆիկացման աշխատանքները, բայց, ինչպես գյուղապետն ու բնակիչներն են նշում, ոչ ոք գազով չի ջեռուցելու տները, սոցիալական պայմանները թույլ չեն տալիս: Գյուղապետ Գևորգ Ամիրխանյանի խոսքով՝ տարեկան գյուղին անհրաժեշտ է 2000-2500 խմ վառելափայտ:

«Մեր գյուղի ապագան լավ չի, անտառն արգելված է, սեփական ծառի ճյուղերն ենք կտրատում, որ ժողովուրդը իր ճաշը եփի: Անցած տարի գնացել ենք, բիլետ վերցրել, 5 խմ-ից բաց են թողել, դրանով են յոլա գնացել: Չէինք կարող անգամ դուռը բաց թողնել, որ մեկը դուրս գար, պետք է իրար հետ դուրս գայինք տնից, որ տունը տաք մնար: Էս տարի էլ բեթարա, ամառվանից մինչև օրս մեր գյուղացին չի կարողանում` անտառ մտնի», - բողոքեցին Գոշի բնակիչները:

«Այս հարցը քննարկվել է մի քանի անգամ, որպեզի մեր գյուղացիները կարողանան օգտվել 8 խմ անվճար թափուկից: Ասել են՝ չէ: Տավուշի մարզը բաժանվել է 2 մասի. մի մասը կարողանում է ազատ օգտվել էդ 8 խմ-ից, մի մասը՝ ոչ…Աբսուրդա, հարևան գյուղեր են, մեկը օգտվում է, մյուսը չի օգտվում: Մի կերպ մարզպետով, նախագահով բողոքում ենք, որ էդ 5խմ փայտը, էն էլ փողով, թույլ տան` բերենք: Հիմա էդքան թափուկ էլ չկա, - ասաց Գոշ գյուղի դպրոցի տնօրենը,- այս խնդիրը գյուղացին ունեցելա, ունի և ավելի է սրվում օրեցօր: Թանկացումները բերում են նրան, որ սոցիալական վիճակը ավելի է վատանում, և մարդիկ ձգտելու են անտառ, որպեսզի կարողանան մի կտոր փետ փախցնեն, բերեն: էդ էլ խիստ կալանքի տակ է, մի հատ բռնեցին, ահագին տուգանում են, մի խոսքով մեծ խնդիրներ են առաջանում: Ո՞նց լուծենք էս հարցը: Երեխեն լուսամուտից նայում է՝ անտառը աչքի առաջն է, ինքը տունը մրսում է…Անտառի մասին մտածելը լավ բան է, բա մարդու մասին ո՞վ պետք է մտածի: Մենք պետություն ունենք, կառավարություն ունենք, վերջիվերջո, պետք է մտածեն մարդկանց մասին: Ո՞նց ապրենք, գոյատևենք, ինչպե՞ս անենք»:

Դպրոցի տնօրենը նշեց, որ նախկինում գոնե սանիտարական հատումներ կային, իսկ հիմա դրանից էլ են զրկված. «Այսօր ես դպրոցի տնօրեն եմ, տարեցտարի նկատում եմ՝ ինչքան է հիվանդությունների քանակը ձմռանը շատանում: Երեխան ցրտից մրսում, հիվանդանում, դասի չի գալիս»:

Պաշտոնական տվյալներ

ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2012 թ-ին «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 99 ծառ, 2013 թ-ին՝ 149 ծառ, իսկ 2014 թ-ին՝  532 ծառ: Ապօրինի հատումները շարունակվել են նաև 2015 թվականին:

Հաղարծին գյուղ

 
 
 
 
 

Գոշ գյուղ

 
 
 
 
 
 
 
 
 


16:21 Հոկտեմբեր 02, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news