ՄԱԶԾ փորձագիտական խմբի կարծիքը «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ

ՄԱԶԾ փորձագիտական խմբի կարծիքը «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է հրապարակել «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ կարծիքներ: Հիշեցնենք, որ հայեցակարգի համաձայն նախատեսվում է անտառտնտեսություններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները միավորել մեկ միասնական մարմնի ներքո: Ստորև ներկայացնում ենք ՄԱԶԾ փորձագիտական խմբի կարծիքը:

«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի» վերաբերյալ «Հայեցակարգի» ամփոփ համառոտագրում ասվում է, որ այն «անդրադառնում է 1) անտառային ոլորտում ՀՀ-ում առկա խնդիրներին, 2) կայուն կառավարման, անտառների պահպանության, ինչպես նաև ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրների լուծմանը», այսինքն ստացվում է, որ հայեցակարգի օբյեկտը ոչ թէ անտառն է, այլ անտառկառավարման բացերը, ինչը «անտառային էկոհամակարգին» առնչվող հայեցակարգի բովանդակությունը որակական սահմանափակման է ենթարկում:

Առաջարկում ենք «Հայեցակարգի» «Համառոտագիր» հատվածը վերաշարադրել այսպես.
«Հայաստանի Հանրապետության անտառային ազգային հայեցակարգը որոշում է պետության և անտառային էկոհամակարգի փոխհարաբերությունը, հաշվի առնելով անտառների կողմից ապահովվող ծառայությունները և դրանց արժեքները»: Անտառը բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ է և հանդիսանում է բազմաթիվ ծառայությունների աղբյուր:

Ընդհանուր առմամբ «հայեցակարգը» հաշվի չի առնում «անտառի» միջոլորտային բնույթը և կապերը, ինչպես նաև հարակից ոլորտների և համայնքային տարածքների զարգացման ծրագրերը: Հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտի համալիր բնույթը հետևյալ նախարարությունները պետք է ընդգրկված լինեն սույն հայեցակարգի կազմավորման և իրականացման գործում. ՀՀ բնապահպանության նախարություն, ՀՀ գյուղնախարարություն, ՀՀ տարածքային կառավարաման և զարգացման, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և այլ նախարարություններ և գերատեսչություններ։
Նախապատմության /III բաժին/ և IV «Խնդիրները և նպատակները» բաժիններում առաջարկվում է հիմնել Անտառային պետական կոմիտե, որտեղ միավորվելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Պետական անտառային մոնիթորինգի կենտրոնի, ՀՀ ԳՆ-ի Անտառային բաժինները, ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության շատ ստորաբաժանումներ, ներառյալ նաև 7 ԲՀՊՏ-եր /Սևան, Դիլիջան, Արփի լիճ ԱՊ-եր; «Խոսրովի անտառ» արգելոց, Արգելոցապարկային համալիր, «Զիկատար» ԲՆ կենտրոն և «Զանգեզուր» ԿՀ/։ Այս կոմիտեի առանձին ստորաբաժանումները պետք է կատարեն կառավարում, օգտագործում, պահպանություն և վերահսկողություն մեկ տեղից։ Այդքան «կենտրոնացված» կառավարման միավորի արդյունավետությունը և օբյեկտիվությունը անկասկած բարդ կլինի ապահովել։ Վիճարկելի է շատ ԲՀՊՏ-ի «Անտառային պետական կոմիտե»-ում ընդգրկելու հարցը, մանավանդ Սևանի և Արփի լիճ ԱՊ-ի դեպքում։

IV «Խնդիրները և նպատակները» բաժնի 49-րդ պարբերություն առաջարկվում է խմբագրել՝ օգտագործելով հետևյալ պարբերությունները՝
Հղում կատարելով ՀՀ կառավարության նիստի 2015թ․ սեպտեմբերի 10-ի N41 արձանագրությանը որպես ՀՀ տարածքի օպտիմալ անտառապատվածության ցուցանիշ ընդունվել է ԿՓՇԿ ՀՀ առաջին ազգային հաղորդագրությամբ (1998թ.) ու Հայաստանի Հանրապետության կառավարու¬թյան 2005 թվականիհուլիսի 21-ի N1232-Ն որոշմամբ ամրագրված ցուցանիշը` 20,1%: Այդ ցուցանիշին հասնել մինչև 2050թ. և դրա շնորհիվ ձեռք բերված օրգանական ածխածնի կլանումներն ու կուտակումները ընդգրկել «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող մեղմման գործողություններում/ներդրումում», տարածելով միջոցառ¬ման ազդեցության ժամանակահատվածը մինչև 2100թ.:
Համալիր միջոցառումների կիրառմամբ ապահովել բոլոր կատեգորիայի հողերում օրգանական ածխածնի պահպանումը, կուտակումն ու պահեստավորումը և ընդգրկել այդ հաշվեկշռի ցուցանիշները Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող մեղմմանգործողություններում:
Հաշվի առնելով վերոնշյալը ՀՀ անտառածածկ տարածքը խիստ կարիք ունի ընդարձակման, ուստի սույն հայեցակարգըպետք է արգելի անտառահատման ցանկացած տեսակ։ Վառելափայտի և շինափայտի ազգային կարիքները, որը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 0,8-1,0 մլն մ3, անհրաժեշտ է ամբողջությամբ բավարարել արտաքին շուկաներից ներմուծման հաշվին։ Մյուս կողմից անհրաժեշտ է խրախուսել օրգանական մնացորդների /հացազգիների և տեխնիկական մշակաբույսեր ծղոտ, ծառերի և թփերի ամենամյա էտ, տերևներ և այլն / կենսազանգվածի մշակումը և վերափոխումը վառելահատիկների, որի ծավալները մոտավոր գնահատականներով կազմում է մոտ 1մլն մ3 վառելափայտին համարժեք։
Ուստի անհրաժեշտ է հարկային և մաքսային ռեժիմներում իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն փայտանյութի և դրա փոփարինիչների անսահմանափակ և մատչելի ներկրումը ՀՀ։ Համակարգային բարեփոխումների արդյունքում ազատված ֆինանսական ռեսուրսները կարող են ուղղորդվել սուբսիդավորման նպատակներով կամ ներկրողների՝ անբարենպաստ խավերին աջակցող ծրագրերին։

IV «Խնդիրները և նպատակները» բաժինը ընդհանրապես որպես բարեփոխումների առանցք դիտարկում է գոյություն ունեցող ինստիտուցիոնալ շրջանակի վերանայումը և առաջնային տեղեկատվական հենքի ստեղծումը:
Այստեղ էական բաց կա «անտառային էկոհամակարգերի» ու պետության փոխկապակցվածության հստակ ներկայացման և «անտառի», որպես բնական պաշարի և ազգային արժեքի իմաստավորման տեսակետից. Ի՞նչ է անտառը ՀՀ պետության և քաղաքացու համար, ո՞րոնք են կայուն անտառկառավարման հաստատման համակարգաստեղծ տարրերը և այլն:
Մասնավորապես պետք է կարևորվի ՀՀ անտառների կենսաբազմազանության պահպանությունը /անտառային ԲՀՊՏ-եր, բարձրարժեք բնապահպանական անտառներ /ԲԲԱ/, բնության հուշարձաններ և այլն/, անտառային էկոհամակարգի քանակականև որակական բնութագրիչների բարելավումը /անտառածածկի պահպանումը և ընդարձակումը, ագրոանտառաբուծության զարգացումը, դաշտապաշտպան, հողապաշտպան, հակաէրոզիոն և այլ նպատակային անտառաշերտերի հիմնում/ և անտառների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը /գիտաճանաչողական տուրիզմ, ոչ բնափայտային անտառային ապրանքներ, երկրորդային անտառօգտագործում/:

Անտառագիտական կրթության և գիտության զարգացման խնդիրները սերտորեն կապված են անտառային ոլորտի առկա իրավիճակի հետ, ուստի պետք է կարևորագույն տեղ գրավեն հայեցակարգում: Իրազեկվածության և հանրային մասնակցության, ինչպես նաև ոլորտի գործընթացների թափանցիկության ապահովման խնդիրները նույնպեսպետք է արտացոլվեն հայեցակարգում: Ի վերջո «Անտառը ազգային արժեք է և ազգային անվտանգության կարևորագույն երաշխիք»:

Եզրակացնելով կարելի ասել, որ ընդհանուր առմամբ բարեփոխումների հիմքում դրված է անտառային ոլորտի ֆինանսական-արտադրական բացերի բարելավման մոտեցումը, իսկ անտառի կենսաբազմազանության, էկոհամակարգային մի շարք ծառայությունների, ներառյալ ածխածնի արդյունավետ կուտակումը, համայնքների հետ փոխհարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև ոլորտի խնդիրները նորարարական լուծումներով հասցեագրելու առաջարկներ գրեթե չկան։ Ի լրումն, ԲՀՊՏ-ների, հատկապես ոչ անտառածածկ, ներգրավումը «Անտառային պետական կոմիտե»-ում հիմնավորված չէ։ Հայեցակարգը լրացումների ու խմբագրման կարիք ունի։

Հոկտեմբեր 19, 2017 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր