«Հայանտառի» ամբողջ աշխատակազմը 100%-ով պետք է փոխվի. Հայկ Չոբանյան

«Հայանտառի» ամբողջ աշխատակազմը 100%-ով պետք է փոխվի. Հայկ Չոբանյան

ԷկոԼուր

«Հայանտառի» մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի, և 100%-ով պետք է ամբողջ աշխատակազմը փոխվի: Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Նախկինում «Հայանտառի» աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն: Պետք է օրենսդրական հիմքեր ստեղծվեն: Աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս այդ մարդկանց ուղղակիորեն ազատել աշխատանքից: Բայց ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա»,- նշել է Չոբանյանը` հավելելով, թե ազատված պաշտոնյաների փոխարեն այդ պաշտոնները կարող են զբաղեցնել ուժային կառույցներից զորացրվածները կամ նախկին սպաները: 

Անդրադառնալով Տավուշի մարզում անտառահատումների հարցին՝ մարզպետը նշել է. «Կարող ենք արձանագրել, որ զանգվածային անտառահատումները Տավուշի մարզում այլևս վերացած են, և գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմնականում հայտնաբերվում են և համապատասխան ընթացք են ստանում: Առնվազն 99%-ով կրճատվել են անտառահատման դեպքերը մեր մարզում: Դա և՛ պետական կառույցների, և՛ հանրային հսկողության արդյունք է: Վերջին շրջանում շատ է մեծացել հանրային վերահսկողությունը բնակիչների, տարբեր ՀԿ-ների կողմից, որոնք ուղղակի հանրային հսկողություն են իրականացնում այդ տարածքներում: Դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը: Այսպիսի կազմակերպություններն ուղղակիորեն իրականացնում են անտառպաշտպանություն: Ես համոված եմ, որ անտառի վերականգնմանն ուղղված աշխատանքներն առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան և առաջիկա տարիներին մենք էական փոփոխություն կունենանք մեր անտառային բալանսի մեջ»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Հայկ Չոբանյանի ֆեյսբուքյան էջից

14:18 Հունիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news