«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները 3 օր ժամանակ տվեցին Դալմայի այգիների հողօգտագործողներին՝ հողատարածքն ազատելու համար

«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները 3 օր ժամանակ տվեցին Դալմայի այգիների հողօգտագործողներին՝ հողատարածքն ազատելու համար

ԷկոԼուր 

«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները դադարեցրել են Դալմայի այգիների հողօգտագործողների վտարումը և նրանց հողամասի վրա կառուցված շինությունների քանդման աշխատանքները: Ընկերությանը պատկանող շինտեխնիկան դուրս է բերվել տարածքից: Քանդման աշխատանքների դադարը, սակայն, ժամանակավոր է: Ընկերության ներկայացուցիչ Կարեն Ալեքսանյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ հողօգտագործողներին 3 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին   «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ սկսել էին վտարել Դալմայի այգիների հողօգտագործողներին, որպեսզի տվյալ տարածքում կառուցեն ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոն: Նրանց ընդդիմանում էին տարեց ամուսնեինները, ովքեր 20 տարուց ավելի ապրում են Դալմայի այգիների իրենց հողակտորում կառուցած քարե շինության մեջ: Երկար տարիներ զբաղվել են տարածքի բարեկարգմամբ: Այգի են հիմնել, սկսել են անասնապահությամբ զբաղվել: «Այս մարդիկ  տարածքը շենացրել են, մինչ իրենց գալը աղբանոց էր: Հիմա, որ խեղճ են, ժամանակին տան սեփականության հարցերով չեն զբաղվել, պետք է տնից հանե՞լ»,- ասաց նրանց բարեկամուհին:
 
«Ես էս անասուններիս հետ ո՞ւր գնամ: Իրենք էլ ծանրած: 10 միլիոնի ապրանք է: Ասում են՝ գնա տղայիդ հետ ապրիր՝ երկհարկանի տուն ունի: Գնանք, ցույց տամ, թե ի՞նչ պայմաններում են ապրում. 10 հոգով մի սենյակում են մնում: Էս կովերին էլ երկրորդ հարկ տանե՞մ: Գոնե սպասեին, գարուն լիներ, դռներին կկապեի»,- վրդովված ասացտիկին Զինան: Նա պատմեց, որ «Պարկ Գրուպ» ընկերության ներկայացուցիչները խոստացել էին փոխհատուցել իրենց, սակայն խոստումները որևէ փաստաթղթով չեն հիմնավորվել: «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Ալեքսանյանն էլ նշեց, թե ժամանակին մյուս հողօգտագործողներին փոխհատուցում տրամադրել են՝ 1 քառակուսի մետրի համար վճարել են 2-5 դոլար: «74 բնակչի վճարել ենք: Այդ մարդիկ վարձակալության պայմանագրեր են ունեցել: Այս ընտանիքը դա էլ չունի, բայց չհամաձայնեց մեր առաջարկին»,- ասաց նա: 

 

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

 



10:41 Դեկտեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news