Արծվաբերդ բնակավայրի տարածքում 6 օր առաջ բռնկված հրդեհը տարածվել է

Արծվաբերդ բնակավայրի տարածքում 6 օր առաջ բռնկված հրդեհը տարածվել է

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:29-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Նոյեմբերի 9-ին «Կեռի յալ» կոչվող հանդամասում հրդեհի մակերեսը ավելացել է մոտ 1.5 հա և տարածվել դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամասին հարակից տարածք: Այրվել է մոտ 1.5 հա անտառածածկ տարածք: Նոյեմբերի 10-ին կրկին երեք տեղամասով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում այրվել է մոտ 5000 քմ անտառածածկ տարածք:

 



13:43 Նոյեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news