Ովքե՞ր են կանգնած Իջևանի ցուցարարների հետևում

Ովքե՞ր են կանգնած Իջևանի ցուցարարների հետևում

ԷկոԼուր

Հուլիսի 17-ի երեկոյան Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Տավուշի բնակիչները փակել էին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը՝ բողոքելով անօրինական անտառահատումների խստացման ռեժիմի դեմ:

Բախման հետևանքով վնասվածք է ստացել 14 անձ՝ 12 ոստիկան և 2 քաղաքացի: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ճանապարհը բացվել է կեսգիշերից հետո:

Նշենք, որ անօրինական անտառահատումների վերահսկման համար միջոցառումներ են իրականացվում Լոռու և Տավուշի մարզի տարածքում: Անշարժ պահակակետեր են տեղադրվել այն ճանապարհների վրա, որտեղով կարող են անցնել հատված ծառաքանակով բարձված մեքենաներ:
Հուլիսի 18-ին տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկ Իջևանում անթույլատրելի իրադարձություններ են տեղի ունեցել, իսկ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու ցանկացած փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության: «Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրելով ու վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,- նշել է նա:

Մեր կողմից նշենք, որ ապօրինի անտառահատումների պատվիրատուն և ցուցարաներին ուղորդողը խոշոր անտառային բիզնեսն է: Անկասկած, մարդիկ, ովքեր մասնակցել են բողոքի ակցիային, այս խոշոր բիզնեսի փոքր և երևացող մասն են: Այս գործի քննության ժամանակ պետք է նաև ուշադրություն դարձնել, թե ովքեր են կանգնած նրանց հետևում: Հակառակ դեպքում, կգտնվեն նոր մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աշխատել անտառային մաֆիայի համար:

Ապօրինի անտառահատումների վերահսկումն ու հաշվառումն իրականացվել է ոչ բավարար, ինչի հետևանքով Հայաստանը կորցրեց և շարունակում է կորցնել արժեքավոր անտառը, որի դեմ պետք է պայքարել՝ մի կողմից խստացնելով վերահսկման ռեժիմը, մյուս կողմից ապահովելով անտառամերձ համայնքների բնակիչներին այլընտրանքային վառելիքով և այլընտրանքային աշխատատեղերով, ներդնելով հատուկ ծրագրեր, նվազեցնելով սոցիալական լարվածությունը:

Լուսանկարը՝ Shamshyan.com կայքի:

15:09 Հուլիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news