Ծառատունկ Տավուշի մարզում

Ծառատունկ Տավուշի մարզում

Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյան, www.aarhus.am

Մայիսի 2-ին Իջեւանի Օրհուս կենտրոնը նախաձեռնել էր ծառատունկ Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի 10-րդ կիլոմետրին, նոսրացող ծառուղին վերականգնելու, ինչպես նաեւ մեծացնելու համար: Տեղեկացնենք, որ Ակնաղբյուր գյուղի այգեգործներից ոմանք անփութորեն վնասել են տարածքի հսկայական ծառերը: Ծառուղին գոյություն ունի արդեն մի քանի տասնյակ տարի: Այն գեղեցիկներից մեկն է Հայաստանում եւ հատկապես ամռան շոգին ճանապարհը փրկում է արեւի ուղիղ ճառագայթներից: Եթե իրենց գոյության նախորդ տարիներին հաստաբուն ծառերը ոչ մեկին չեն խանգարել, ապա այս տարվա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ակնաղբյուրցիներից ոմանք վառելով չոր խոտերն ու մոշենու թփերը, մոխրացրել են նաեւ մի քանի ընկուզենիներ: Արդյունքում մի քանի ծառ չորացել են եւ ենթարկվել հատման:

Մոտ երկու կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի երկայնքով Օրհուս կենտրոնի, Իջեւանի անտառտնտեսության աշխատակիցների, ԵՊՀ ԻՄ ՈւԽ եւ ՈւԳԸ, «Գալիք» կրթարանի ուսանողների, Խաշթառակ եւ Ակնաղբյուր համայնքի բնակիչների մասնակցությամբ տնկվեց 300 ընկուզենի: Աջակցել էին Տավուշի մարզպետարանի բնապահպանության վարչությունը եւ Իջեւանի քաղաքապետարանը:

Ցավոք սրտի, նույն այգեգործները, ովքեր վնաս են հասցրել ծառուղուն, ծառատունկին չեն մասնակցել, դրանով ցույց տալով, որ անտարբեր են իրենց իսկ հարուցած խնդրի նկատմամբ: Մոտակա օրերին կենտրոնը հրավիրելու է քննարկում` միջնորդ հանդիսանալով տարածքի բնակիչների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ տանելու համար:

Իջեւանի Օրհուս կենտրոնը պատրաստվում է ձեռնարկել քայլեր` «այդ ամենաթողությունը կանխելու համար»:

16:26 Մայիս 05, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news