Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների 84%-ը վերաբերել են ապօրինի ծառահատումներին

Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների 84%-ը վերաբերել են ապօրինի ծառահատումներին

ԷկոԼուր

2018 թ. արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ապօրինի ծառահատուման դեպքեր: 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը՝ հրապարակելով 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:

Եթե 2017թ. ապօրինի ծառահատում կատարելու համար 34 անձ է դատի տրվել, ապա 2018թ.՝ 38: 2018թ. նախորդող տարվա համեմատ հարուցված քրեական գործերի քանակը կրկնապատկվել է: 2018 թ. հարուցված 217 քրեական գործի վարույթում որպես մեղադրյալ է ներգրավվել 68 անձ, իսկ 2017թ. հարուցված 108 քրեական գործերի վարույթում՝ 38 անձ:

2018 թ. ընթացքում վարույթում քննված մի քանի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել կամ հարուցվել թվով 31 պաշտոնատար անձանց նկատմամբ: Այդ թվում՝ բնապահպանական պետական տեսչության պետի 1 տեղակալի, բնապահպանական պետական տեսչության բաժնի պետի 1 տեղակալի, բնապահպանական պետական տեսչության 9 տեսուչի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսությունների թվով 4 տնօրենի, 8 անտառապետի, 6 անտառապահի, անտառտնտեսության մեկ ինժեների և ոստիկանության բաժնի պետի մեկ տեղակալի նկատմամբ:

Այդ 31 պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 690 միլիոն դրամ, որից վերականգնվել է 28.5 միլիոն դրամը: Նշվածներից 19 պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, որոնցից 7-ի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Ապրիլ 08, 2019 at 16:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր