

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել անտառային նշանակության հողերը վարձակալությամբ տրամադրելու և դրանք աղճատելու գործընթացը: Նախաձեռնության անդամները բարձրաձայնում են Կոտայքի մարզում անտառային հողերի վարձակալության անհաջող փորձերի մասին:
Անտառային կոմիտեն ս.թ. փետրվարի 18-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Անտառային կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին՝ մասնակցելու պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության նպատակով՝ վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթին՝ հետևյալ տարածքներում․
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության տարածք, 0․012 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-008-0282-0184),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության տարածք, 0․05 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-015-0359-0005),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզնիի անտառպետության տարածք, 0․14635 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-064-0037-0008),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզնի անտառպետության տարածք, 0․52164 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-064-0037-0009),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տարածք, 0․11545 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0066-0125),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նավուրի անտառպետության տարածք, 0․32161 հա (կադաստրային ծածկագիր՝ 11-046-0231-0002),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նավուրի անտառպետության տարածք, 0․71639 հա (կադաստրային ծածկագիր՝ 11-052-0205-0002),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածք, 1․539376 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-061-0702-0002),
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության և «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դպրաբակի անտառպետության հարակից տարածք, 0․1595 հա (կադաստրային ծածկագիր՝ 05-086-0119-0147)»:
«Առողջ Հրազդան» նախաձեռնությունն իր հայտարարության մեջ այս առնչությամբ գրել է.
«Ծաղկաձոր համայնքի և մերձակա տարածաշրջանների անտառների պահպանությանը, խնամքին ու բարելավմանը միտված մի քանի նկատառումներ.
ա. Հորդորել կառավարությանը մինչև 2018թ. ապօրինի սեփականաշնորհված անտառային հողատարածքները վերադարձնել անտառային հողերի կատեգորիա և կցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններին:
Որպես օրինակ 2007թ. Ծաղկաձորի մոտ 60 հեկտար անտառը օրենքի խախտումերով սեփականացրած լինելու գործը մեր նախաձեռնությամբ քննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություններում: Բացահայտվել են օրինախախտումները, սակայն վաղեմության ժամկետի կիրառման արդյունքում գործը դատարան չի ուղարկվել, և անտառները «Հրազդանի անտառտնտեսության» հաշվեկշիռ չեն վերադարձվել: Գործընթացը թողնվել է սեփականատերերի խղճին ու տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշմանը:
բ. Հստակ անտառային զանգված ստանալու նպատակով 1990-ական թվականների անկանոն անտառահատումներից հետո բնական ճանապարհով վերականգնված անտառների գերակշիռ մասը ենթակա է բնաշիվային մաքրման:
գ. Անհրաժեշտ է իսպառ բացառել վերջին շրջանում ակտիվորեն կիրառվող, անտառային տնտեսությունների հաշվեկշիռներում գտնվող անտառները` հեկտարներով վարձակալության հանձնելու գործընթացը: Նման տարածքներում թույլատրվում է կառուցել ու կահավորել հանգստի ու ժամանցի համար տնակներ ու սննդի տաղավարներ՝ բացառելով կապիտալ շինարարության հնարավորությունները: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, նման տարածքները ժամանակի ընթացքում վերածվում են անտառներն աղճատող գործոնների, զորօրինակ՝ Ծաղկաձորի հարակից անտառների մեծ մասի ճակատագիրը:
դ. Անհրաժեշտ է հորդորել շրջակա միջավայրի նախարարությանը` հստակեցնելու Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանկում առկա Մեղրաձորի Բանքսի սոճու 4.5 հեկտար անտառային տարածքի ճակատագիրը, քանի որ երկար տարիների բարձիթողի վիճակի մատնված հիշյալ հատուկ պահպանվող տարածքում այժմ առկա է ընդամենը 4-5 բանքսի սոճի:
ե. Անհրաժեշտ է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու քաղաքաշինության վարչության հատուկ ուշադրությունը հրավիրել գործող օրենքի այն դրույթի կիրառմանը, ըստ որի՝ բնական անտառային տարածքների սեփականատերերի կողմից այդ տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելիս, խստագույն պահպանվի տարածքի մինչև 40%-ի կառուցապատման պահանջը:
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
Մովսես Մանուկյան
Արսեն Արսենյան
Անահիտ Մնացականյան
Աշոտ Օհանյան»:
Ապրիլ 04, 2023 at 13:13