ԷկոԼուր
2018 թ. Կովկասի բնության հիմնադրամը(CNF) Հայաստանին տրամադրել է ավելի քան 966 հազար եվրո գումար: Հիմնական աջակցությունը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներին:
«Մոտ 258 հազար եվրո հատկացվել է «Դիլիջան» ազգային պարկին, 187 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին,116 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին,109 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 45 հազար եվրո՝ «Արփա» բնապահպանական հիմնադրամին:Ավելի քան 17 հազար եվրո հատկացվել է «Սևան» ազգային պարկին,մոտ 3000 եվրո՝ Արգելոցապարկային համալիրին և «Զիկատար» բնապահպանական կենտրոնին», - ԷկոԼուրինհայտնեց Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանը:
Բնության հատուկ պահպանվող տարածքներում Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերի համար տրամադրել է 178 հազար եվրո: ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքների շրջանակներում 102 հազար եվրոյով ձեռք են բերվել տարածքների պահպանությանն անհրաժեշտ հակահրդեհային մեքենաներ և սարքավորումներ, 19 հազար եվրոյով կատարվել են կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքներ, իսկ 10 հազար եվրոյով պահպանվող տարածքներում հեռահար հսկման համակարգի կենտրոնի համար ձեռք է բերվել սերվեր և սարքավորումներ:
Հայաստանում իր գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամը իրականացրել է մոտ 4 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ բնության պահպանվող տարածքների պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Կարապետյանի փոխանցմամբ, 2019 թ. ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին:
Մարտ 27, 2019 at 18:53