2019 թվականի ՀՀ հողային ֆոնդի բաշխման հաշվետվությունը հաստատվեց առանց անտառային հողերի ճշգրտված տվյալների

2019 թվականի ՀՀ հողային ֆոնդի բաշխման հաշվետվությունը հաստատվեց առանց անտառային հողերի ճշգրտված տվյալների

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին գործադիրը հաստատեց ՀՀ 2019 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը առանց անտառային հողերի ճշգրտված տվյալների: Որոշման կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է. «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի նախագծում (ըստ մարզերի) առկա են որոշակի անհամապատասխանություններ «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլաններով սահմանված անտառային հողերի տվյալների մասով:

Ներկայումս նախատեսվում է մի շարք «անտառտնտեսություն» մասնաճյուղերում կատարել անտառային հողերի սահմանների ճշգրտման աշխատանքներ:
Շրջակա միջավայրի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2019 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առարկություններ չունի պայմանով, որ անտառային հողերի սահմանների հստակեցումից՝ անտառշինական քարտեզների և կադաստրային տվյալների ճշգրտումից հետո ՀՀ հողային հաշվեկշռում կկատարվեն համապատասխան փոփոխություններ»:

Ընդունված որոշմամբ նախատեսվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնի ՀՀ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնի Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
Հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար ՀՀ էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարները և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահն իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները՝ բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ, պետք է ներկայացնեն ՀՀ մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտե:
2019թ-ի պաշտոնապես հաստատված տվյալներով Հայաստանի տարածքը՝ 2’974.3 հազար հեկտար է, որից ոռոգվողը՝ 208.7 հա:

Հայաստանն ունի 2’044.2 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող, 151.9 հազար հա բնակավայրերի հող, 38.6 հազար հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, 13.1 հազար հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, 335.6 հազար հա հատուկ պահպանվող տարածքների հող, 30.5 հազար հա հատուկ նշանակության հող, 334.0 հազար հա անտառային հող, 25.8 հազար հա ջրային հողեր, 0.6 հազար հա պահուստային հողեր:

Ըստ սեփականության սուբյեկտների՝ ՀՀ հողային ֆոնդի պատկերը հետևյալն է՝ քաղաքացիների՝ 537.7 հազար հա, իրավաբանական անձանց՝ 36.0 հազար հա, համայնքային՝ 1’026.7 հազար հա, պետական՝ 1’373.2 հազար հա, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների՝ 0.7 հազար հա:

 

14:34 Հոկտեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news