Լոռու մարզում տնկվել է 32.4 հեկտար անտառ (Լուսանկարներ)

Լոռու մարզում տնկվել է 32.4 հեկտար անտառ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Հայաստան ծառատունկ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հիմնել է 32.4 հեկտար անտառ` տնկելով 128 հազար տնկի: Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում հիմնել է  «Հրանտ Դինք» սոճու անտառը՝ 11 հեկտար տարածքում տնկելով 50 000 տնկի: Իսկ Կաթնաջուր համայնքի տարածքում հիմնել է «Կաթնաջուր» անտառը` 21.4  հեկտար տարածքում տնկելով ավելի քան 78.000  հացենու, սոճու և կաղնու տնկիներ: Այս մասին հունիսի 17-ին դեպի այդ անտառներ  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կազմակերպած մեդիա տուրի ընթացքում  ասաց հիմնադրամի Անտառվերականգնման համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար Վարդան Մելիքյանը: Նրա խոսքերով այս անտառները տնկվել են Միրաք անտառային տնկարանում  աճեցվող տնկիներով: Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում գտնվող  5 հեկտար տարածք զբաղեցնող Միրաք անտառային տնկարանը ստեղծվել է  2007 թվականին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի  կողմից` «Ջոն Միրաք» հիմնադրամի աջակցությամբ: Տնկարանի հիմնական ծառատեսակներն են՝  կաղնի, հացենի, սոճի, թխկի, անտառային խնձորենի, տանձենի, սալոր և արոսենի:

Վարդան Մելիքյանի խոսքով՝ փորձում են նաև վտանգված տեսակներ աճեցնել: «Հիմա ունենք բարձր լեռնային թղկի, որը հայկական վերջին Կարմիր գրքում գրանցված չէ, բայց վտանգ կա, որ կարող է վերանալ: Նաև արոսենի ունենք, դա էլ է վտանգված տեսակների մեջ մտնում,-ասաց Վարդան Մելիքյանը եւ հավելեց,- Մեր առաքելությունն է  օգնել Հայաստանի կայուն զարգացմանը՝ բնապահպանական ծրագրերի իրականացման միջոցով: Մենք ունենք բնապահպանական կրթություն, համայնքային ծառատունկ և անտառտնկման բաժիններ: Այս երեք ուղղություններով մենք փորձում ենք օգնել Հայաստանի զարգացմանը»:

«Էյ Թի Փի» ԲՀ-ն հիմնադրվել է 1994 թ.-ին: Մինչ օրս Հայաստանի 800 վայրերում տնկվել է ավելի քան 3.500.000 ծառ:

Հունիս 19, 2013 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր