«Դիլիջան» ազգային պարկում տնկվել է 5600 ծառ

«Դիլիջան» ազգային պարկում տնկվել է 5600 ծառ

ԷկոԼուր

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Այդ օրը ծառատունկ է իրականացվել նաև այլ բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ծառատունկի մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 փշատերև և այլ ծառատեսակների տնկիներ: Բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում ծառապատվել է ևս մոտ 3.5 հեկտար տարածք և տնկվել 3700 տարբեր տեսակների, այդ թվում նաև ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ:

Ծառատունկի ավարտից հետո նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավորներին և ծառատունկի մասնակիցներին` ծանոթացրել է ազգային պարկի գրասենյակում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնից ուղիղ կապով հետևում են ազգային պարկի «Դիլիջան» և «Հաղարծին» տեղամասերում վերջերս տեղադրված տեսախցիկներին, որոնք ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակին են ծառայում: Տեղեկացվել է, որ «Շամախյան» տեղամասում նույնպես նախատեսված է տեղադրել տեսախցիկներ, և այդ գործընթացը հետաձգվում է այնտեղ արձանագրված պահակակետի այրման դեպքի հետ կապված քննչական գործողությունների պատճառով, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի այդ տեղամասում տեղադրել տեսախցիկներ: Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ ազգային պարկում նախատեսված է տեղադրել նաև ձայնային սենսորներ, որոնք կարձագանքեն բենզասղոցների և մեքենաների ձայներին: Տեսախցիկների և սենսորների աշխատանքներին հետևելու հնարավորություն կունենան նաև տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նաև յուրաքանչյուր ցանկացող: Այդ միջոցառումներն ուղղված են ապօրինի ծառահատումների դեմ և նախատեսված է այն կիրառել նաև բնության հատուկ պահպանվող մյուս բոլոր տարածքներում:
Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը/ԲՀԿ/, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը /ՀՀԿ/, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի, «Դիլիջան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԿԱ Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Ծառատունկին մեծ ակտիվություն են ցուցաբերել Դիլիջան, Հղարծին, Թեղուտ համայնքների դպրոցների, «Այբ» կրթահամալիրի աշակերտները: Վերջիններս պարգևատրվել են շնորհակալագրերով, որոնք հանձնել են ՀՀ բնապահպանության նախարարը և ԱԺ պատգամավորները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

14:26 Նոյեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news