ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Բելգիպրոլես»-ի հետ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մինչև 10 կմ անտառտնտեսական ճանապարհների կառուցման, որսորդական տնտեսության ստեղծման, լայնատերև և ասեղնատերև ծառատեսակների պլանտացիաների, տնկարանային տնտեսությունների հիմնադրման, անտառտնտեսություններում դենդրոպարկերի ստեղծման, անտառտնտեսությունների և անտառպետությունների գրասենյակների կառուցման նախագծման աշխատանքներ։ «Բելգոսլես»-ի հետ համագործակցությամբ նախատեսվում է մինչև 50 հազար հա տարածքում իրականացնել անտառաշինական աշխատանքներ` ներգրավելով հայ մասնագետներին Հայաստանում անտառաշինական կառույցի ստեղծման նպատակով։
Բելառուսի Հանրապետության «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում հայ մասնագետները վերապատրաստում կանցնեն Բելառուսի Հանրապետությունում:
«Առաջիկայում նախատեսում ենք անտառկառավարման պլաններ կազմելու կազմակերպություն հիմնել և այդ առումով ևս բելառուսական փորձն օգտակար կլինի», - իր խոսքում նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
2018 թ-ին հիմնվելու է հայ-բելառուսական բարեկամության պուրակ։ Այդ նպատակով Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով սոճենու տնկանյութեր, որոնք նախատեսվում է տնկել մինչև 15 հա տարածքում` Սևանի ավազանում և Լոռու մարզում:
Նոյեմբեր 10, 2017 at 17:07