Իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը պնդում է, որ տարեկան 650 հազար խմ վառելափայտի պահանջարկը հնարավոր չէ ապահովել սանիտարական հատումների հաշվին

Իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը պնդում է, որ տարեկան 650 հազար խմ վառելափայտի պահանջարկը հնարավոր չէ ապահովել սանիտարական հատումների հաշվին

ԷկոԼուր

Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք սեզոնին օգտագործում է 10-15 խմ վառելափայտ:  Տարեկան միայն 500-650 հազար խմ վառելափայտի պահանջարկ կա, ինչը հնարավոր չէ սանիտարական հատումներով ապահովել: Այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը սույն թվականի հուլիսի 17-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում` ներկայացնելով 2010թ-ին իրականացված Անտառային օրենսդրության կիրառման և անտառային կառավարման ոլորտի FLEG 1 ծրագրի ուսումնասիրության արդյունքները:

Նա նշեց, որ FLEG 1 ծրագրի արդյունքում կառավարությանն արվեցին անտառային ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկություններ:

«Առաջարկ եղավ, որ անտառամերձ տարածքների գյուղերի բնակիչները կարողանան ինչ-որ չափով ստանալ անվճար փայտանյութ: Կառավարության որոշում եղավ, որ 8 խմ թափուկ տրամադրվում է անվճար անտառամերձ գյուղերի բնակիչներին: Դա կիսով չափ իրենց պահանջարկը բավարարում է:

Մենք առաջարկել ենք խթանել այլընտրանքային էներգետիկան: Դա կլինի արևային, կլինի գոմաղբի օգտագործումը գյուղերում, քամու էներգիա, դա կլինի թեկուզ փայտի բրիկետների: Օրինակ, մեր կազմակերպությունը «Հայանտառ»-ի տարածքում արել է կոճղաշիվային վերականգնում 200 հեկտարի վրա: Քանի որ, կոճղաշիվային վերականգնման արդյունքում ստացված բարակ ճյուղեր պետք է հանեինք անտառից` հակահրդեհային կանոնների համապատասխան, որպեսզի դա ինչ-որ կերպով արդյունավետ օգտագործեինք, մենք պատրաստել էինք բրիկետներ և դրանք բավականին արդյունավետ էին, և կալորիականությունը բարձր էր: Հիմա եթե նախատեսվում է ծրագրերով կոճղաշիվային վերականգնում, ինչի արդյունքում անտառը շատ արագ վերականգնվում է, և արդյունքը շատ արագ ես տեսնում, ուրեմն կարելի է բրիկետներ արտադրել և տրամադրել բնակչությանը: Բացի դրանից, մենք առաջարկել էինք սահմանամերձ շրջաններում ազատել հարկերից, որպեսզի բիզնեսը զարգանա: Օրինակ, եթե բիզնեսն իմանա, որ դա ազատ հարկային գոտի է, հարկերից ազատված է, պարզ է, որ շահագրգռված կլինի տեղափոխվել այդ սահմանամերձ տարածքները: Ենթակառուցվածքը կզարգանա, գյուղացու ձեռքը փող կլինի, և նա այդքան կախված չի լինի անտառից: Հիմա որոշ մասերում սահմանամերձ տարածքներում հարկերից ազատեցին, թեև տեղաշարժ բիզնեսի համարյա չենք տեսնում, բայց կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ դա կլինի: Առաջարկվեց նորմատիվների փոփոխություն, որովհետև ովքեր աշխատում էին անտառտնտեսությունում, շատ քիչ էին վարձատրվում, և մեր առաջարկությունների արդյունքում աշխատավարձերի, նորմատիվների հաշվարկի առումով մոտ երկու անգամ բարձրացում տեղի ունեցավ: Որպեսզի ճնշումն անտառի վրա կամ ապօրինի հատումները պակասեն, մենք առաջարկում էինք, որպեսզի խթանվի անտառտնկարանային տնտեսությունների զարգացումը համայնքերի հողերի վրա: Եթե այդ պրակտիկան լինի, որ համայքները ոչ անտառային ֆոնդի հողերի վրա, այլ իրենց սեփական հողի վրա անտառտնկարանային տնտեսություններ հիմնեն, դա կբերի և հետաքրքրություն, և իրենց մասնակցությունը անտառկառավարման ոլորտում:

…Առաջարկվեց, որ օրենսդրության մեջ փոփոխություն արվի և փայտանյութի ներմուծումը ազատվի բոլոր հարկերից և մաքսատուրքերից, իսկ արտահանումը` հակառակը, որովհետև այժմ արտահանման դեպքում ոչ ավելացված արժեքի հարկ է վճարվում, ոչ մաքսատուրք, իսկ ներմուծման համար բացի նրանից, որ ներմուծողը տրանսպորտային և այլ ծախսեր է անում, դեռ սահմանի վրա, մաքսատուրք է վճարում և ավելացված արժեքի հարկ: Այսինքն, մի քանի անգամ ներմուծվող փայտանյութը, նույն շինանյութը, որ միշտ ներմուծվել է և ներմուծվում է Հայաստան, մի քանի անգամ թանկանում է: … Եթե մենք մի փոքր օրենսդրական փոփոխություն անենք, բիզնեսմենները շահագրգռված կլինեն ներմուծեն, ոչ թե արտահանեն: Դա բավականին մեծ օգուտ կունենա: Առաջարկել ենք բնական փայտանյութի արտադրանքի վրա դնել ակցիզային հարկ, որպեսզի սպառողը շահագրգռված լինի գնելու  արհեստական նյութերից պատրաստված արտադրանք....»:

Նազելի Վարդանյանը նշեց, որ այս տարի մեկնարկել է FLEG 2 ծրագիրը: Ծրագրի աշխատանքային թիմն այցելելու է Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 20 անտառամերձ համայնք` պարզելու համայնքների խնդիրները, լսելու անտառային ոլորտի բարեփոխումներին ուղղված նոր գաղափարներ: «Մենք ի մի կբերենք բոլոր առաջարկները և պատգամավորների ու լոբբինգի միջոցով կաշխատենք կյանքի կոչել այդ առաջարկությունները»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Կլոր սեղանին մասնակցեցին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:


 


Հուլիս 28, 2015 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր