ԷկոԼուր
Հոկտեմբերի 27-ին` ժամը 22.00-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված «Պանտեռա Սիքյուրիթի» պահնորդական ընկերության հենակետի վրա, ծեծի ենթարկել ընկերության աշխատակիցներին:
«2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ … Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ»,- գրված է «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության Facebook-յան էջում։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի համաձայն` պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը պարզվել է: Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին` ժամը 5.10-ին, կասկածյալները ներկայացել են ոստիկանության Դիլիջանի բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաննություն: Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին էլ մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի»-ի պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ, ձերբակալվել է 3 անձ, մեկը կալանավորվել է:
Հոկտեմբեր 30, 2017 at 14:30