Բնապահպանական երկու ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ և պետք է այն կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան

Բնապահպանական երկու ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ և պետք է այն կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան

www.primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ երկրում անտառհատումներն երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների և մարդկանց մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ: «Իհարկե, հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում և, ցավոք, երկար ժամանակ զբաղվածության այլընտրանք անտառով հարուստ տարածքների բնակիչների համար չի դիտարկվել, երբեմն նույնիսկ չի եղել: Կարծում եմ՝ ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել այն առումով, որ շատ դեպքերում բախվում ենք իրավիճակի, երբ ուղղակի մարդկանց մտքի վեկտորն այլ ուղղություն չի ունենում, քանի որ կա անտառ, կարելի է անտառը հատել, վաճառել, դրանով եկամուտ ստանալ, շատ թե քիչ՝ էական չէ, իսկ թե ռազմավարական ի՞նչ հետևանքներ է ունենում այդ գործընթացը, երբեմն նույնիսկ չի դիտարկվում ու չի քննարկվում: Մենք վերջին շրջանում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել և ձևակերպել երկու այսպիսի խնդիր. առաջինը՝ իրագործել այնպիսի քաղաքականություն, որը մեր անտառային տնտեսության բնականոն զարգացման համար կլինի նպաստավոր, երկրորդը՝ անտառաշատ տարածքների բնակիչներին առաջարկել այլընտրանքներ, որպեսզի աջակցենք լուծել աշխատանք՝ եկամուտ ունենալու հարցում: Մանավանդ, որ անտառաշատ մարզերում այսօր նաև զբոսաշրջության զարգացում է նկատվում և կարծես կարող ենք ասել, որ կան որոշակի հեռանկարներ: Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետև ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային: Իհարկե, պարզ է, որ սա հեշտ և պարզ լուծումներ չունեցող խնդիր է, բայց մեր քաղաքական արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հետևողական պետք է զբաղվենք այս խնդրի լուծմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են անտառային ֆոնդի ներկա վիճակի մասին և անտառների կառավարման կատարելագործման ուղղությամբ ներկայացրել տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, նշվել է, որ դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ: Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված, փոխկապակցված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը: Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը:

Վարչապետը խնդիրների լուծման առումով կարևորել է քաղաքական կամքի դրսևորումը և հավելել. «Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի և այլն, և այլն: Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետև ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների մասին, այլ հաջորդ սերունդների: Եկել է ժամանակը և մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ և արմատական լուծումներ տանք, որովհետև մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Մենք արդեն երկար ժամանակ սա արձանագրում ենք և ոչինչ տեղից չի շարժվում: Իհարկե, պետք է կարողանանք մեր հայրենակիցների հետ երկխոսություն սկսել: Այստեղ խնդիրը միայն վարչական որոշումները չեն, խնդիրը նաև ընդհանուր բովանդակություն ստեղծելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար: Լինելով Տավուշի մարզից՝ գիտեմ, որ այդ գիտակցումն արդեն կա, քանի որ մարդիկ տեսնում են, որ «ամենաանհեռանկարային» գյուղը հանրապետության մասշտաբով դառնում է զբոսաշրջային կենտրոն, հասկանում են, որ հին մտածողության այդ կերպն արդեն տեղ չունի: Այս առումով, քաղաքական կամքը կա, որը պետք է իրագործել: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք և այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, և մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով անտառների վերահսկողության ուղղությամբ գործառույթների կենտրոնացումը մեկ մարմնում:
Կառավարության ղեկավարը պատասխանատուներից պահանջել է բացառել առողջ ծառերի հատումն արդյունաբերական նպատակներով, լուրջ վերահսկողություն իրականացնել նաև Ճանապարհներին, սղոցարաններում հումքի ստացման օրինականությունը պահել խիստ վերահսկողության ներքո, հստակեցնել Երևանում վաճառվող և կահույքագործությամբ զբաղվող ընկերությունների կողմից օգտագործվող փայտանյութի ծագումը: «Այսինքն, այստեղ պետք է ունենանք ներմուծված փայտ, որովհետև Հայաստանում արդյունաբերական ծառահատում չի իրականացվում: Եթե փայտը ներմուծված չէ, ուրեմն ունենք խնդիր և պետք է այն լուծենք»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ստեղծել մասնագիտական խումբ, որը կքննարկի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հետ կապված, այդ թվում՝ պելետի արտադրության ծրագիրը, գնահատելու դրա տնտեսական էֆեկտիվությունն ու հեռանկարայնությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև որսագողության խնդրին: «Պետք է արձանագրենք, որ նույն տրամաբանությունը գործում է նաև ապօրինի որսի պարագայում: Այստեղ նույնպես պետք է լրջորեն զբաղվենք, որովհետև մեր բնությունը, կենդանական աշխարհը լուրջ սպառնալիքի տակ է: Այստեղ էլ մեխանիզմները նույնն են, «թաքուն որս» չի լինում, որսը հիմնականում օգտագործում են կոմերցիոն նպատակներով և պետք է բացառել որևէ տարբերակով որսագողությունը մեր անտառներում: Բնապահպանական այս երկու ուղղություններով էլ ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ է գործարկված և պետք է այն ուղղակի կանգնեցնել, ինչը մեր պարտավորությունն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով՝ գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում իրականացնել մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե կայացված որոշումների արդյունքում ինչ է փոխվել: «Պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ: Կարևոր է նաև հանրության հետ երկխոսություն ունենալ, բացատրել, թե ինչի համար ենք այս ամենն անում, որովհետև պարզ է, որ այն, ինչ քննարկում ենք, առնչվում է շահերի հետ: Նրանց հետ, որոնք ունեն «մաֆիոզ շահեր», պետք է լինել չոր, կտրուկ, առանց կոմպրոմիսի, իսկ սոցիալական բնույթի շահերի վերաբերյալ պետք է մարդկանց հետ լուրջ երկխոսություն ունենանք և այս ուղղությամբ կարողանանք ստեղծել համագործակցության մթնոլորտ, որպեսզի ունենանք արդյունքներ»,- ասել է վարչապետը:

17:35 Օգոստոս 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news