Կհիմնվի քաղաքային անտառ Երևանի հյուսիսում. «Լույս» դաշինքի նախընտրական խոստումները

Կհիմնվի քաղաքային անտառ Երևանի հյուսիսում. «Լույս» դաշինքի նախընտրական խոստումները

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է հրապարակել Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուների նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչները:

Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Լույս» դաշինքը խոստանում է երևանցիներին «Առողջ մայրաքաղաք»` մշտապես ավելացող կանաչ գոտիներ, մաքուր ջրային ռեսուրսներ, որոնք կծառայեն շրջակա միջավայրի և կլիմայի բարելավմանը։

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

Իր նախընտրական ծրագրի 3-րդ` «Առողջ Երևան» բլոկում դաշինքը խոստանում է հիմնել քաղաքային անտառ, մաքրել գետերի հուները և կառուցել աղբի վերամշակման գործարան.

«Բնական Լանդշաֆտ

Քաղաքի միկրոկլիմայի բարելավման համար մշակելու ենք համալիր կանաչապատման ծրագիր։ Պողոտաների մայթեզրերը ծառապատելու ենք այնպիսի տնկիներով, որոնք կկլանեն աղմուկը, մեքենաների գազային արտանետումները և կմեղմեն ամառային տապը։Կհիմնվի քաղաքային անտառ Երևանի հյուսիսային հատվածներում, որի նպատակն է Երևանի ապահովագրումը ջրհեղեղներից։ Հարևան մարզերի հետ համագործակցությամբ Երևանը շրջափակելու ենք խիտ կանաչապատված գոտիներով։

Իրականացնելու ենք Գետառի և Հրազդան գետերի՝ կենցաղային թափոններից մաքրման և հուների բացման համալիր աշխատանքներ։ Բացառվելու է կոյուղաջրերի հոսքը դեպի գետեր։

Համայնք-մասնավոր համագործակցությամբ մաքրելու ենք Երևանյան լիճը, կանաչապատելու և բարեկարգելու ենք լճի ափամերձ տարածքները։

Իրականացնելու ենք քաղաքի շենքերի ուղղաձիգ կանաչապատում։ Այս դրույթը նախատեսվում է իրականացնել երկարաժամկետում։

Թափոնների կառավարում։ Նոր աղբավայր։

Ներդնելու ենք աղբի տեսակավորման համակարգ տարբերակված աղբամանների տեղադրմամբ։ Աղբամանները դատարկվելու են և ենթարկվեն քիմ․մաքրման սահմանված գրաֆիկով՝ ապահովելով աղբամանների սանիտարական պատշաճ վիճակը։

Ստեղծելու ենք նոր և ժամանակակից աղբավայր թափոնների արտանետման սանիտարական՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան։ Երևանի թափոնների գոյացման և կառավարման նպատակով համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում ստեղծելու ենք թափոնների տեսակավորման և վերամշակման ձեռնարկություն։ Փակելու ենք Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանների գործող բաց աղբավայրերը։

Աղբավայրում կառուցելու ենք գոյացող թունավոր գազերի հավաքման և այրման կայան, տեղադրելու ենք գեներատոր բիոգազից էլեկտրաէներգիայի ստացման համար։

Ներդնելու ենք շինարարական աղբի և կոշտ թափոնների հավաքման հատուկ համակարգ»։

Ծրագրի4-րդ` «Նոր դիմագծով Երևան» բլոկում նշվածէ, որ միջոցներ ենք ձեռնարկվելու Կասկադի շինարարական աշխատանքների ավարտման, ինչպես նաև կասկադի հարակից տարածքները կանաչապատելու` կախովի այգիներով ձևավորելու ուղղությամբ:

8-ր դբլոկում դաշինքն անդրադարձել է ջրատար, ոռոգման ցանցերի և կոյուղու խնդրին.

«Երևան քաղաքում ջրի կորուստները գերազանցում են բաժանորդին մատակարարված ջրի ծավալները, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով ջրի սակավության գլոբալ մարտահրավերները։ Մայրաքաղաքում գոյություն ունեն կոյուղու ցանց չունեցող թաղամասեր։ Բազմաբնակարան շենքերի բակային կոյուղիները կարիք ունեն կապիտալ վերանորոգման։

Երևան քաղաքում մաքուր ջրի մեծ ծավալով կորուստների կանխարգելման նպատակով մշակելու ենք կորուստների կանխարգելման և արդյունավետ օգտագործման համալիր ծրագիր։ Համայնք-մասնավոր համագործակցությամբ ամբողջությամբ արդիականացնելու ենք քաղաքի ջրատար ցանցը՝ բացառելով ջրանջատումները։

Ընդլայնելու ենք կանաչ գոտիների ոռոգման ցանցը։

Համայնք-մասնավոր համագործակցությամբ բարելավելու և ընդլայնելու ենք քաղաքի ջրահեռացման և հեղեղատար համակարգերը։

Վերականգնելու ենք կոյուղատար համակարգը՝ բացառելով ներթափանցումը հողային, ջրային շերտեր և բազմաբնակարան շենքերի նկուղներ։

Ուսումնասիրելու ենք ստորգետնյա ջրերի ազդեցությունը բազմահարկ բնակելի թաղամասերի վրա։ Ստորգետնյա ջրերի ազդեցության արդյունքում վթարայնության աստիճան ձեռք բերած բնակելի շենքերի համար համայնք-մասնավոր համագործակցությամբ իրականացնելու ենք վերաբնակեցման համալիր ծրագիր՝ նպաստելով Երևան քաղաքում բնակարանային ֆոնդի արդիականացմանը։

Վերակառուցելու ենք կեղտաջրերի մաքրման Աէրացիա կայանը»։

Լույս դաշինքը նաև խոստանում է բացառել մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարումը հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում։ «Միջոցներ ենք ձեռնարկելու հանրային գերակա շահ ճանաչված անավարտ կառուցապատումները ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայելու ենք նախկինում հանրային գերակա շահի ճանաչման միջոցով քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնման գործընթացը», - նշված է դաշինքի նախընտրական ծրագրում։

16:04 Սեպտեմբեր 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news