«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին

ԷկոԼուր

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված ընկերության պատասխան նամակում:


«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև դրանց հիման վրա նախագծերի պատրաստում և թողարկում: Դրանք տևական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների և աշխատանքների բարդությամբ և ծավալով:
Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին», - ընկերության նամակն ընթերցեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, որն մասնակցում էին պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ:


Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից` պայմանավորելով դա ֆինանսական խնդիրների և Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի և պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը: Աշխատանքային խումբը ներկայում ձևավորման փուլում է:
«Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ`ինչ է այնտեղ տեղի ունենում», - ասաց Արթուր Գրիգորյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն ասաց, որ երբ կիրականացվեն տեսչական ստուգումները և կպարզվեն բոլոր հետևանքները, այդ ժամանակ նախարարությունը կիրականացնի օրենքով սահմանված իր գործառույթները: Վիգեն Ավետիսյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին:

Փոխարենը դրանց անդրադարձավ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ով հայտարարեց, որ և «Վալլեքս» ընկերությունը, և նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետևանքների համար: ««Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում էր իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին: Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը և Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները: Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, և այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության և պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին», - ասաց Լևոն Գալստյանը: Նա նշեց, որ հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը և պարզվել է, որ «Վալլեքս»-ը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործումը: Ըստ Լևոն Գալստյանի` դա բավարար հիմք է զրկել ընկերությանն ընդերքօգտագործման թույլտվությունից: «Այդ հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց և պետությանը հասցված բոլոր վնասների դիմաց», - նշեց Լևոն Գալստյանը:

Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկայացրեց` ինչպես է տեղի ունեցել Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը Դանիայից և կնքված պայմանագրի խզումը: «2010 թ-ին Վալլեքսը պետք է ձեռք բերեր սարքավորումներ կոմբինատի շինարարության համար և հարմար էր գտել ձեռք բերել դրանք դանիական մասնավոր EKF սարքաշինական ընկերությունից: Ընկերությունը ՎՏԲ բանկի միջոցով դիմել էր Դանիայի կառավարությանը և մի մասնավոր կենսաթոշակային ֆոնդի` Pension-Danmark-ին, որպեսզի ֆոնդը տրամադրի 62 միլիոն դոլար գումար, իսկ Դանիայի կառավարությունը հանդես գա որպես վարկի երաշխավոր, և վարկը պետք է տրվեր ՎՏԲ բանկին: Ընկերությունը ներկայացրել է իր ՇՄԱԳ փաստաթուղթը, և դանիական պետական գործակալությունը գնահատել է, որ այն չի համապատասխանում ՄՖԿ ստանդարտներին: EKF-ն հավելյալ երկկողմ պայմանագիր է կնքել Թեղուտ ՓԲԸ-ի հետ, որ ընկերությունը պետք է մշակի ու իրականացնի ՄՖԿ ստանդարտների համապատասխանեցման պլաններ: Սա երաշխավորել է EKF-ի կողմից վարկավորման պայմանագիրը խզելու համար պայմանների առկայությունը: 2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-նը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական և սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ և այլն», - ներկայացրեց Աննա Շահնազարյանը: Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրեց 2017 թ-ի հոկտեմբերին:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցան ազդակիր Շնող համայնքի բնակիչները` ներկայացնելով իրենց պատճառված վնասներն ու պահանջները:

Շարունակելի

Հունիս 29, 2018 at 14:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր