Կապանցիներին հետաքրքրում է, թե որքան ոսկի և թանկարժեք այլ մետաղներ են Հայաստանից դուրս բերվում վաճառող խտանյութերի հետ

Կապանցիներին հետաքրքրում է, թե որքան ոսկի և թանկարժեք այլ մետաղներ են Հայաստանից դուրս բերվում վաճառող խտանյութերի հետ

ԷկոԼուր

Որքա՞ն ոսկի և բազմամետաղներ կան Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից մշակված պղնձի կամ ցինկի խտանյութերում կա՞ն արդյոք տվյալներ, թե այդ խտանյութերի վաճառքի արդյունքում որքան ոսկի կամ այլ ազնիվ մետաղներ են Հայաստանից դուրս գալիս խտանյութի հետ: Այս հարցերը բարձրացրեցին Կապանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մայիսի 3-ին Կապանի Էլեկտրոնային գրադարանում ԷկոԼուրի կազմակերպած «Եղեք իրազեկ և պահանջատեր, պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկումը կազմակերպվել էր «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակում:


Ծրագրի փորձագետ Հարություն Մովսիսյանը նշեց, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբում (ԲՇԽ) քննարկվել է, որպեսզի մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները ԱՃԹՆ շրջանակներում ներկայացնեն ընդերքից արդյունահանված և մշակված հանքաքարերի որակական ցուցանիշները: «Եթե կարողանանք հասնել նրան, որպեսզի հրապարակային դառնա, թե արտադրվող խտանյութն ինչ որակական ցուցանիշներ ունի, այդ ժամանակ կկարողանանք տեսնել, թե խտանյութում ոսկի կա, թե չկա, 1 գրամ է տոննայում (միջինում), թե 8 գրամ է: Բայց ասեմ, որ օրենքը չի արգելում, որ խտանյութի մեջ կարող է ոսկի կամ այլ մետաղ լինել»,- ասաց Հարություն Մովսիսյանը: Նա նշեց, որ հնարավոր է ԱՃԹՆ 2019 թվականի կամ 2020 թվականի զեկույցում հրապարակվեն այդ տվյալները:

Հարություն Մովսիսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 2016-2017 թվականների ֆինանսական տվյալները, որոնք հրապարակվել են ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցում: Մասնավորապես, Կապանի լեռնահարստացման կոմբինատի 2017թ. տարեկան շրջանառությունը կազմել է 29 միլիարդ 708 միլիոն 940 հազար 903 ՀՀ դրամ, որից պետբյուջե վճարումները` 11միլիարդ 281 միլիոն 500 հազար ՀՀ դրամ, իսկ 2016թ-ին` 3 միլիարդ 929 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը 2016թ-ին արտադրել է 8 միլիարդ 620 միլիոն 603 հազար 075 ՀՀ դրամին համարժեք 5 649 թաց մետրիկ տոննա պղնձի խտանյութ, սակայն նույն թվականին Չինաստանում իրացրել է ավելի շատ` 5 962 թաց մետրիկ տոննա պղնձի խտանյութ` համարժեք 15 միլիարդ 648 միլիոն 680 հազար 945 ՀՀ դրամի: Քննարկման մասնակիցների հարցին, թե ինչով է պայմանավորված արտադրածից շատ խտանյութի իրացումը, Հարություն Մովսիսյանն ասաց, որ հնարավոր է` ընկերությունն ունեցել է կուտակած խտանյութ, դրա համար էլ ավելի շատ է վաճառել: Նա նաև նշեց, որ արտադրված պղնձի խտանյութի արժեքի մեջ ներառված է նաև ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութի արժեքը, սակայն հստակ չէ, թե այն որքան է: 2016թ-ի համեմատ 2017թ-ին ընկերությունն ավելի շատ պղնձի խտանյութ է արտադրել, սակայն իրացրել է արտադրածից պակաս: Այսպես, 2017-ին արտադրվել է 12 միլիարդ 797միլիոն 250 հազար 394 ՀՀ դրամին համարժեք 7 994 թաց մետրիկ տոննա պղնձի խտանյութ, սակայն Բուլղարիայում և Շվեցարիայում իրացվել է 7448 թաց մետրիկ տոննա պղնձի խտանյութ` համարժեք 21 միլիարդ 708միլիոն 892 հազար 131 ՀՀ դրամի:

2016թ-ի համեմատ 2017թ-ին Կապանի կոմբինատն ավելի շատ է արտադրել նաև ցինկի խտանյութ` 2016թ-ին` 2 միլիարդ 533 միլիոն 696 հազար 176 ՀՀ դրամին համարժեք 8 901 թաց մետրիկ տոննա, 2017թ-ին` 4 միլիարդ 103 միլիոն 640 հազար 672 ՀՀ դրամին համարժեք 10 869 թաց մետրիկ տոննա: 2016թ-ին ևս արտադրածից շատ ցինկի խտանյութ է իրացվել Բելգիայում, իսկ 2017թ-ին` արտադրածից մի փոքր քիչ քանակությամբ և կրկին Բելգիայում: Ընկերությունը նաև 2016թ-ին Բելգիայում իրացրել է 272միլիոն 99 հազար 496 ՀՀ դրամ արժողությամբ 100 թաց մետրիկ տոննա ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հարցեր` կապված Կապանի վրա հանքարդյունաբերական ձեռնարկությունների ունեցած ազդեցության և դրանց դիմաց հատկացվող բնապահպանական վճարների և իրականացվող բնապահպանական ծրագրերի հետ:
Կապան քաղաքը գտնվում է երկու խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի ազդեցության տակ: Կապանի կոմբինատը, որպես բնապահպանական վճար, 2016թ-ին պետական բյուջե է վճարել 4 971 764 դրամ, 2017թ-ին` 4 903 232: Իսկ Զանգեզուրի կոմբինատը 2016թ-ին՝ 11 990 684 դրամ, 2017թ-ին՝ 22 376 624 դրամ:

Հարություն Մովսիսյանը ներկայացրեց, որ ԱՃԹՆ ազգային զեկույցի համաձայն` Կապան քաղաքում բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների համար 2016թ-ին ծախսվել է 6 276 100 դրամ, 2017թ-ին`8 875 000 դրամ: Այս գումարները Կապանի և Զանգեզուրի կոմբինատների բնապահպանական վճարներից Կապանի համար սուբվենցիոն հատկացումներ են, որոնք ստանալու համար Կապան համայնքը բնապահպանական ծրագրեր է ներկայացրել ՀՀ պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմին: Այդ գումարներով Կապան քաղաքային համայնքի Ա.Մանուկյան փողոցում 2016-2017թթ. իրականացվել են մայթերի բարեկարգման, ծառատնկման, կանաչ տարածքների վերականգնման աշխատանքներ: Առողջապահական միջոցառումներ սուբվենցիոն հատկացումներով 2016-2017թթ. չեն իրականացվել: Սյունիքի մարզպետարանի աշխատակից Հայկ Կարախանյանը բարձրաձայնեց Կապանի առոջապահական հարցերի մասին: «Մոնիթորինգ է արվել ու պարզվել, որ Սյունիքի մարզում օնկոլոգիական հիվանդությունների ցուցանիշն ամենացածրն է: Եթե այստեղ` Կապանում, չկա օնկոլոգիական բաժանմունք, ուրեմն չկան օնկոլոգիական հիվանդության տվյալներով քաղաքացիներ: Մարդիկ Երևան են գնում արդեն վերջին ստադիաներում, քանի որ այստեղ դժվար է բացահայտել: Կապանի հիվանդանոցում չկա նաև համակարգչային տոմոգրաֆիա իրականացնող սարքավորում», - ասաց նա: Մասնակիցները նշեցին, որ Կապանի հիվանդանոցին անհրաժեշտ դիագնոստիկ և բուժիչ սարքերով ապահովելու համար մեծ գումարներ են պետք, մինչդեռ բնապահպանական վճարները շատ ցածր են:

«Բնապահպանական վճարների հաշվարկման մեխանիզմները պետք է փոխվեն, և գումարները պետք է ավելանան, որը ստիպի արդյունաբերողին քիչ աղտոտել… Բնապահպանական վճարի չափը սահմանելիս`պետք է հաշվի առնվի բնակավայրի բնակեցվածությունը, գյուղատնտեսությամբ զբաղվածությունը և այլ գործոններ»,- առաջարկեցին կապանցիները:

Իր հերթին Հարություն Մովսիսյանն ասաց, որ գործող օրենքի համաձայն յուրաքանչյուր ձեռնարկություն վճարում է իր կատարած արտանետումների համար, և մեզանում չի գնահատվում կումուլյատիվ ազդեցությունը: «Օրինակ, Կապան քաղաքի վրա կա կումուլյատիվ ազդեցություն Կապանի լեռնահարստացման ֆաբրիկայի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում: Միասին վերցրած մի քանի ձեռնարկությունների արտանետումները կարող են արտանետման թույլատրելի սահմաններն անցնել, սակայն ամեն մեկն առանձին-առանձին է գնահատում իրականացնում և ասում է, որ իր արտանետումը թույլատրելի սահմաններում է»,- ասաց Հարություն Մովսիսյանը:

Քննարկման ընթացքում հնչեցին տարբեր առաջարկություններ` սկսած հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումից մինչև պետական վերահսկողության մեծացում, օրենսդրական բարեփոխումներ և այլն առաջարկներ:

Այդ առաջարկություններն են.
1. ԱՃԹՆ շրջանակներում հրապարակային դարձնել հանքարդյունաբերական ձեռնարկության կողմից ընդերքից հանքաքարի արդյունահանման ամենամյա ծավալները
2. ԱՃԹՆ շրջանակներում հրապարակային դարձնել մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ընդերքից արդյունահանված և մշակված հանքաքարերի որակական ցուցանիշները` խտանյութերում առկա թանկարժեք մետաղների պարունակության մասին տվյալները
3. Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետբյուջե և ՏԻՄ փոխանցվող գումարների չափի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել բնակչությանը
4. Փոխել բնապահպանական վճարների հաշվարկման մեխանիզմները` ավելացնելու արտանետումների դիմաց բնապահպանական վճարի չափը, որը կստիպի արդյունաբերողին քիչ աղտոտել, ինչպես նաև, բնապահպանական վճարների հաշվարկման նոր մեխանիզմները մշակելիս, հաշվի առնել համայնքի/շրջակա միջավայրի վրա մի քանի ձեռնարկությունների գումարային ազդեցությունը և սամանափակել այդ ձեռնարկությունների գումարային արտանետումները սահմանային թույլատրելի նորմերի սահմաններում
5. Արգելել առանց քիմիական և կենսաբանական մաքրման արտադրական ջրերը գետեր լցնելը
6. Սահմանել պատճառված բնապահպանական վնասի չափից բարձր փոխհատուցման գումար, որի դեպքում ձեռնարկությանը ձեռնտու կլինի կանխարգելել վնասի պատճառումը, քան փոխհատուցել այն
7. Բարձրացնել հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը
8. Ազգայնացնել հանքի 51%-ը հանքի գործունեությունը վերահսկելի դարձնելու նպատակով
9. Թույլատրել ԱՃԹՆ Բազմաշահառու խմբին՝ հանքի տարածք մուտք գործել
10. Ստեղծել տեղական հանրաքվեի ինստիտուտ
11. Հանքի տարածքներն ընդլայնել միայն բնակիչների թույլտվությամբ
12. Կապանի բժշկական կենտրոնին ապահովել ժամանակակից դիագնոստիկ և բուժիչ սարքավորումներով
13. Ընկերության կողմից տարեկան հաշվետվություն ներկայացնել համայնքում արված սոցիալական աջակցության, արդեն արված և նախատեսվող բնապահպանական աշխատանքների մասին:

Հանդիպման ընթացքում ներկայացված տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն հոդվածը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:53 Մայիս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news