Ահազանգ՝ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ն քանդում է Սևանա լիճ թափվող Մարտունի գետի հունը՝ այնտեղից հանելով ավազ և խճաքար

Ահազանգ՝ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ն քանդում է Սևանա լիճ թափվող Մարտունի գետի հունը՝ այնտեղից հանելով ավազ և խճաքար

ԷկոԼուր

«ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ն քանդում է Սևանա լիճ թափվող Մարտունի գետի հունը՝ այնտեղից ավազ և խճաքար հանելով: Գետի հունը խախտվել է: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին Մարտունիի բնակիչները:

«2016 թվականից մինչ այսօր Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող Մարտունի գետի հունը պարբերաբար քանդվել է ասֆալտ բետոնի արտադրությամբ զբաղվող «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից։ Գետից հանվում է ավազ և խճաքար։ Մարտունի համայնքի բնակիչները պարպերաբար ընդվզել են դրա դեմ և կազմակերպել բողոքի ակցիաներ։ Տարածքը, որտեղից հանվում է հումքը, կոչվում է «Յայլատեղի» և գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտպանության ներքո։ Աշխատանքների իրականացման ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայոթյուն» ՊՈԱԿ-ի աշխատակից Գոռ Գասպարյանի կազմակերպմամբ արգելվել է իրականացնել հումքի դուրս բերման աշխատանքները և տեխնիկան դուրս է բերվել տարածքից։ Այժմ աշխատանքները կրկին վերսկսվել են այլ հատվածում։ Իրականացվող աշխատանքների արդյունքում խախտվել է գետի հունը, իսկ «Յայլատեղի» տանող ճանապարհը դարձել գրեթե անանցանելի։ Բնակիչների հարցին համայնքապետարանի կողմից տրվել է պատասխան, որ իրականացվող աշխատանքները օրինական հիմքեր ունեն։ Վերջին անգամ թեմային անդրադարձ է եղել 2020 թվականի հունվարի 14-ին, երբ բնակիչները կրկին աշխատանքների դադարեցման պահանջով բողոքի ակցիա են կազմակերպել և գնացել համայնքապետարան։ Այժմ Հայաստանի կոմունիստական կուսակցության Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանի կազմակերպմամբ իրականացվել է ստորագրահավաք, որով բնակիչները դիմում են համայնքապետարան իրականացվող աշխատանքների օրինականությունը փաստող հիմքերը ստանալու պահանջով»,- նշված է ԷկոԼուրին ուղղված մարտունեցիների նամակում։

ՀՀ Ջրային օրենսգրքի 99 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որևէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Որպես օգտակար հանածո օգտագործող ընկերություն «Շանթ-Սեյրան»-ի մասին տեղեկություն առկա չէ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2020թ-ի հունվարի 1-ի դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին պաշտոնական տեղեկատվության մեջ:

Մարտունու բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ գետից ավազի ու խճի արդյունահանման համար որևէ հանրային քննարկում Մարտունիում չի կազմակերպվել:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2018թ-ին բնապահպանական դրական եզրակացություն է ստացել «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի «Գեղարքունիքի մարզի Քարաձիի անդեզիտաբազալտի երևակումում 2018-2020թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»:
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

17:16 Հունվար 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news