Վայք Ինֆոտուն՝ Զառիթափ համայնքը Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի ներկայացրել հանրային քննարկման ժամանակ

Վայք Ինֆոտուն՝ Զառիթափ համայնքը Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ  վերջնական դիրքորոշում չի ներկայացրել հանրային քննարկման ժամանակ

ԷկոԼուր

Հունվարի 23-ին Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանում Ազատեկի հանքավայրի շահագործման շուրջ տեղի ունեցած հանրային քննարկմանը համայնքի կողմից վերջնական դիրքորոշում չի ներկայացվել: Այս մասին հայտնում է Վայք Ինֆոտունը: 

«Քննարկմանը որևէ ամփոփում չեղավ, և որևէ որոշում համայնքի կողմից հանդիպման վերջում չհնչեցվեց։ Թե ինչ վերջնական որոշում կներկայացնի համայնքը պաշտոնապես, դեռևս հայտնի չէ», - նշված է Ինֆոտան տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սա երրորդ փորձն էր ստանալ տեղացիների համաձայնությունը Ազատեկի հանքավայրի շահագործման համար: Այս անգամ հանրային լսումների նախաձեռնողն ընդամենը 22 օր առաջ ստեղծված «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն է:

Զառիթափում անցկացված հանրային լսումների վերաբերյալ Վայք Ինֆոտունը մանրամասնում է.

«Միջոցառմանը մասնակցում էին ոչ մեծ թվով մարդիկ՝ մոտ 20 մարդ, կանայք համարյա չկային։ Հետաքրքիր է, որ Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը չէր մասնակցում, փոխարենը ներկա էին Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավար Սիրակ Հովսեփյանը և «պատվիրակություն» Վայքի համայնքապետարանից։

Կազմակերպության ներկայացուցիչ Վահե Մալխասյանը ներկայացրեց կազմակերպության պլանները, որոնք շատ մակերեսային էին։ Տեղում անսպասելիորեն պարզվեց, որ նախատեսվում է նաև հանքավերամշակում իրականացնել Վայք համայնքի Արին բնակավայրում և այստեղ կառուցել գործարան, որն իբր կստեղծի 250 աշխատատեղ։ Ներկաների մոտ հիասթափություն առաջացրեց կազմակերպության սոցիալական պատասխանատվության հանձնառությունը՝ 50 միլիոն դրամի սահմաններում, որը ներկաների կարծիքով անհամադրելի է այն պոտենցիալ վնասների հետ, որը կպատճառվի Վայք և Զառիթափ համայնքներին, բնակչության առողջությանը և շրջակա բնությանը։ Բացի այդ, ոչ մի խոսք, թե որտեղից կազմակերպությանը այդ ֆինանասական միջոցները, այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են նման մասշտաբի հանքարդյունահանման նախաձեռնության համար։

Բնության վրա ազդեցությանը վերաբերող հարցերին կազմակերպության ներկայացուցիչները տվեցին անորոշ պատասխան՝ պատճառաբանելով, որ դա կարվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացի ժամանակ։

Համայնքների ներկայացուցիչների կողմից կային սուր հարցադրումներ և հանքարդյունահանման նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք, սակայն կային նաև ռեպլիկներ, որոնք վկայում էին լոյալ վերաբերմունքի մասին։

Շատ հետաքրքիր էր «Վայկ-ինվեստի» մեկ այլ՝ չներկայացած ներկայացուցչի պատասխանը համայնքի բնակչի դիտարկմանը այն մասին, որ համայնքն է չէ՞ վերջնական որոշում կայացնելու։ Հիշյալ մարդը կոպիտ ընդհատեց․ «Ո՛չ, պետությունն է որոշում կայացնելու, դուք պետության ֆունկցիան մի՛ վերցրեք ձեր վրա»։ Չգիտես ինչու, ինքը համոզված էր, որ պետությունն իրենց օգտին է որոշում կայացնելու»։

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրի շահագործման համար տեղացիների համաձայնությունը ստանալու նախկին երկու փորձերն արվել էին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից: Երկու դեպքում էլ բնակիչները բոյկոտել էին հանրային լսումները: Իսկ տարեսկզբին հայտի դարձավ, որ Ազատեկի հանքավայրի համար «Վայք Գոլդ»-ին տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:

Լուսանկարը՝ Վայք Ինֆոտուն

 



Հունվար 23, 2020 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր