«Լիդիան»-ի աշխատակիցները դիմել են դատարան, սպառնում են դիմել ՄԻԵԴ. վարչապետի խոսնակը նշում է՝ մտավախություն ընդհանրապես չկա

«Լիդիան»-ի աշխատակիցները դիմել են դատարան, սպառնում են դիմել ՄԻԵԴ. վարչապետի խոսնակը նշում է՝ մտավախություն ընդհանրապես չկա

ԷկոԼուր

Անցյալ շաբաթ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները հայցով դիմել են դատարան՝ պահանջելով «վերականգնել իրենց իրավունքները և ճանաչել ոչ իրավական ոստիկանության գործունեությունը»: Այս մասին ս.թ. մարտի 10-ին լրագրողներին հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը:

«Արդեն երկու տարի է, ինչ Ամուլսարի հանքը փակված է անօրինական ձևով, և աշխատակիցները ոչ մի ձև չեն կարողանում մուտք գործել իրենց աշխատավայր: Աշխատակիցների մեծ մասը կրճատվել է, մոտ 300 աշխատողից այսօր մնացել են 15-20-ը: Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք գործել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն ի վիճակի չէ որևէ լուծում տալու այս հարցին: Տեսնելով, որ կառավարությունը չիաջակցում մեր կազմակերպության աշխատակիցներին, չի պաշտպանում մեր իրավունքները, և կորցնելով մեր վերջին հավատը կառավարության և վարչապետի հանդեպ, ստիպված ենք եղել անցյալ շաբաթ մի խումբ աշխատակիցներով դատական հայցով դիմել դատարան:

Հայցի պահանջն է վերականգնել մեր իրավունքները և ոչ իրավական ճանաչել ոստիկանության գործունեությունը: Այդ հայցից հետո մտադիր ենք պահանջել կառավարությունից, որպեսզի փոխհատուցի բոլոր այն ֆինանսական, հոգեբանական վնասները, որը մեր աշխատակիցները կրել են այս երկու տարվա ընթացքում: Ի դեպ, պահանջելու  ենք ոչ միայն այն երկու տարիների համար, որ չենք աշխատել, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք: Պլանավորված էր, որ հանքը 10-15 տարի պետք է աշխատեր: Գնալու ենք մինչև վերջ, գնալու ենք մինչև Եվրոպական դատարան և պահանջելու ենք փոխհատուցում բոլոր վնասների համար:

Այս պահին մոտ 30 հոգի է դիմել դատարան, սակայն այդ քանակն աճելու է, և այս շաբաթ մոտ 10 տաս հոգի դիմել է, և ընդհանուր մենք ակնկալում ենք, որ մյուս աշխատակիցներն էլ կդիմեն, և կկազմենք 300 հոգի: Աշխատողների միջին աշխատավարձը կազմել է մոտ 600 հազար դրամ: Եթե բոլոր աշխատողները դիմեն և պահանջեն իրենց կորցրած աշխատավարձը, պատկերացրեք, թե ինչ է կատարվելու իրականում: Դա մեծ գումարների մասին է:

Մենք փորձել ենք կառավարության հետ խոսել, մեզ խոստացելէին, որ կբացենք, համբերեք, ձեզ չեն կրճատի, մենք կբարեխոսենք, որ ոչիչն չլինի, կաջակցենք, բայց մինչ օրս ոչ ոք կառավարությունից մեզ չի աջակցել, մեզ չի լսում, միայն խոստումներ», - ասաց Լիանա Հովսեփյանը:

Այնուհետև «Լիդիան»-ի աշխատակիցը նշեց. «Մի քանի անգամ վարչապետը նշել է, որ տվյալ ակտիվիստները ֆինանսավորվում են ինչ-որ կառույցների կամ անհատների կողմից: Լինելով երկրի վարչապետ՝ դուք կարող եք պարզել, ունենալով բոլոր ուժային հնարավորությունները, թե ովքեր են խոչնդոտում պետության մեծ ներդրումային ծրագրին: Միթե՞ վարչապետը ոչ մի լծակ չունի, որպեսզի այդ հարցը բերի ավարտին, ստուգի, հասկանա՝ ովքեր են ֆինանսավորում: Մենք չենք ասում՝ գնացեք, ծեծեք, ջարդեք, սակայն եթե նայեք դեմոկրատ այլ երկրներում, այո, նաև բռնի ուժ են կիառում, նույն Ֆրանսիայում, նույն Ամերիկայում, եթե հարկ է լինում, նաև դա են անում»:

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ այդ կերպ աշխատակիցներն իրենց իրավունքներն են պաշտպանում և կարող են դատի տալ կառավաությանը: Իսկ ՄԻԵԴ դիմելու հետ կապված Մանե Գևորգյանը շեշտել է՝  «Մտավախություն ընդհանրապես չկա»:

19:19 Մարտ 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news