Վերնաշենցիները մտահոգված են, ՏԻՄ ընտրություններից հետո «Վայկ Մետալ»-ը կրկին քայլեր կձեռնարկի Գլաձորի հանքավայրի շահագործման համար

Վերնաշենցիները մտահոգված են, ՏԻՄ ընտրություններից հետո «Վայկ Մետալ»-ը  կրկին քայլեր կձեռնարկի Գլաձորի հանքավայրի շահագործման համար

ԷկոԼուր

Համայնքային խոշորացման արդյունքում միավորվում են Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Գլաձոր և Գետափ համայքները: Խոշորացված Գլաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունները նախատեսված են սույն թվականի նոյեմբերի 5-ին: Համայնքապետի թեկնածուներն են Գլաձորի ներկայիս համայնքապետ անկուսակցական Արմեն Մովսիսյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի պետ անկուսակցական Գագիկ Սմբատյանը:

Վերնաշենում մտահոգված են, որ ընտրություններից հետո «Վայկ Մետալ» ընկերությունը կրկին քայլեր կձեռնարկի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար` նորընտիր ավագանիում ունենալով համախոհներ: 4710 ընտրող ունեցող խոշորացված Գլաձորը պետք է ունենա 11 հոգանոց ավագանի: «Պահանջվել է 11 ավագանի, եթե նրանցից 6-ը քվեարկեն հանքարդյունաբերությանը դեմ, ապա համայնքը խելացի կլինի, եթե ոչ, ապա դա զորբայություն է», - էկոԼուրի հետ զրույցում ասաց Վերնաշենի բնակիչ Գեղամ Մարգարյանը:

Հիշեցնենք որ Գլաձոր և Վերնաշեն համայնքները 2 անգամ մերժել են «Վայկ Մետալ» ընկերությանը` շահագործել Գլաձորի հանքավայրը: Վերնաշենում մարդիկ իրենց ապագան կապում են գյուղատնտեսության հետ: Նրանք ԷկոԼուրին ցույց տվեցին հանքի հարակից տարածքում կառուցված մակատեղիները, ծանոթացրին նոր մակատեղու կառուցման աշխատանքների ընթացքին:

«Մեր գյուղի տարածքում 2016 թվականին կառուցվել է 2 մակատեղի` 600մ2 մակերեսով, հովվի սենյակով, հանգստի սենյակով... Այս տարի էլ հաստատվել է մեկ ծրագիր Կորեկի ձոր կոչվող տարածքում: Այս տարածքները հարակից են Գլաձոր հանքասար կոչվող տարածքին: …Այստեղից 800 մետր ներքև ջրամբար պետք է կառուցվի, որտեղ կուտակվելու է 3.5-4 միլիոն մ3 ջուր, որը ոռոգելու է 800-1000 հա վարելահող, որն այս պահին անջրդի է: Հանքասարից եկող ջուրը և ձնհալի ջրերը հավաքվելու է այստեղ: …100 միլիոն դրամի հասնող մեծ ներդրումները, մեր ամբողջ ջանքերը կմատնվեն քամուն, եթե հանքը շահագործվի…», - էկոԼուրի հետ զրույցում ասաց Վերնաշենի բնակիչ Գեղամ Մարգարյանը:

«Կառավարության աջակցությամբ ստեղծվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվը, և նպատակ ունենք տարածքում զարգացնել անասնապահությունը: Այսօր անասնագլխաքանակը համայնքում պակաս է, իսկ համայնքում օգտագործվում է արոտների 15-20 տոկոսը: Հանքարդյունաբերությունը Վայոց ձորի կործանումն է: Այստեղ շատ վտանգավոր հանածոներ կան, որ աղտոտելու են և օդը, և ջուրը: Իսկ տարածքն այնպիսի է, որ կարելի է էկոլոգիապես մաքուր կաթնամթերք, գյուղմթերք, մրգեր, բանջարեղեն արտադրել: Երկու նախորդ մակատեղիները հանքի տարածքի աջ և ձախ թևերին, են, իսկ ներկայումս կառուցվողը լինելու է կենտրոնում, որը կգործի 2018 թվականի վաղ գարնանից», - ասաց Վերնաշենի արոտօգտագործողների կոոպերատիվի նախագահ Հարություն Գևորգյանը:

Գլաձորի հանքավայրի շրջակայքը հարուստ է նաև պատմամշակութային կոթողներով: Վերնաշենցիների պնդմամբ հիմա համայնքում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Հանքի շահագործման դեպքում զբոսաշրջիկների թիվը զգալի կնվազի:



18:51 Հոկտեմբեր 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news