Բնապահպանության նախարար` նավթի և գազի հորատման աշխատանքներ ԲՀՊՏ-ում բացառվում է

Բնապահպանության նախարար` նավթի և գազի հորատման աշխատանքներ ԲՀՊՏ-ում բացառվում է

ԷկոԼուր

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն նավթ և գազ կորոնի Հայաստանի 7 մարզերում և մայրաքաղաք Երևանում:

«Տաշիր Կապիտալ»-ին պատկանող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն նավթի և գազի որոնման համար ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացավ արդեն երկրորդ դրական եզրակացությունը: Ընկերությանը թույլատրվեց 2018-2023 թթ-ին նավթի և գազի որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում` Երևան քաղաքում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի 7250 կմ2 ընդհանուր տարածքում:

Իսկ 2018 թ-ի տարեսկզբին ստացած  դրական եզրակացությամբ այս ընկերությանը թույլատրվել է նավթ և գազ որոնել ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8497 կմ2 ընդհանուր տարածքում:

Երկու հայտերում էլ նշված է, որ որոնողական աշխատանքների համար նախատեսված տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ:  

ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկի տարածքում են գտնվում թվով 9 բնության հատուկ պահպանվող տարածք` «Խոսրովի անտառ», «Էրեբունի», պետական արգելոցները, «Խոր Վիրապ» Մրտավարդենու, Մարգահովիտի, Արագածի ալպիական, Արզական-Մեղրաձորի, Որդան կարմիր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը:

Ըստ հայտի` «Առաջին փուլի երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվելիք աշխատանքները կատարվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: Որևիցե ազդեցություն պահպանվող էկոհամակարգերի վրա չի դրսևորվելու»: Իսկ ինչ գործունեություն է նախատեսված հետագայում` առաջին փուլից հետո, և ինչ ռիսկեր կառաջանան ԲՀՊՏ-երի համար, պարզ չէ:

ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում ընդգրկված է 11 9 բնության հատուկ պահպանվող տարածք` «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը: Նշվում է, որ աշխատանքները ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի վրա տվյալ փուլում որևէ ազդեցություն չեն ունենալու:

ՀՀ բնապահպանության նախարարի մամլո խոսնակ Մարինե Կարապետյանի մեկնաբանությամբ`ԲՀՊՏ-երի մասով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր դիտողություն, որն ընդունվել է ընկերության կողմից: Ամրագրվել է, որ բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կբացառվեն:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց.   «Ընդունեք սա որպես պաշտոնական հայտարարություն. նավթի և գազի հորատման աշխատանքներ երևէ ԲՀՊՏ-ում բացառվում է: Եթե խոսքը գնում է մակերեսային դիտարկումների մասին, այլ բան է, բայց եթե որևէ հատուկ պահպանվող տարածքում նավթի և գազի պաշարների հորատման մեթոդներով փորձ կարվի, որի արդյունքում ԲՀՊՏ-ն կունենա խնդիր, կլինի սպառնալիք կենսաբազմազանությանը, այդպիսի անօրինական գործունեություն ձեռնարկվի, կպատժվի օրենքի ամենախիստ նորմերով` առնվազն մեր իրավասությունների սահմանում»:

ՀՀ բնապահպանության նախարարը պնդեց, որ ԲՀՊՏ-ների տարածքում բացառվում է նաև հանքարդյունաբերական գործունեություն, քանի դեռ այդ տարածքն ունի հատուկ պահպանվող ռեժիմ: «Որևէ հատուկ պահպանվող տարածքում հանքի շահագործում բացառվում է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը համարվում է հատուկ պահպանվող տարածք: Մեր գլխավոր խնդիրը` իրականացնել փոփոխություն, ուժեղացնել, ամրացնել ԲՀՊՏ-երը: Այս պահի դրությամբ մենք ունենք ԲՀՊՏ-երի սահմանագծման խնդիր, և հիմա այդ աշխատանքներն ենք իրականացնում»,- ԷկոԼուրին  ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Սյունիքի մարզում մասնավորապես «Արևիք» ազգային պարկի հարևանությամբ արդեն 5 մեղաղական հանքավայրի շահագործման թույլտվություն է տրված: Դրանք են Լիճքի պղնձի, Այգեձորի պղինձ-մոլիբդենային, Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային, Լիճքվազ-Թեյի ոսկու և Մեղրասարի ոսկու հանքավայրերը: Վերջերս էլ դրական եզրակացություն ստացավ Խդեբանցի ոսկու հանքերևակման տարածքում ոսկու որոնման հայտը:

«Միջազգային փորձում պետությունը` ինքն է փող ծախսում, որպեսզի հասկանա` իր ընդերքում ինչ պաշարներ կան, անկախ նրանից, թե ինչ տարածք է: Պետության համար չափազանց կարևոր է ունենալ իր ընդերքի հարստության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որպեսզի իր պետական քաղաքականության շրջանակում կարողանա կողմնորոշվել` որն է այդ պահին ազգին ավելի շատ պետք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2015թ-ին ՀՀ կառավարության հուլիսի 2-ի 731-Ն որոշմամբ 471.61 հեկտարով կրճատվեց «Արևիք» ազգային պարկի տարածքը` 34410.80 հեկտարից դառնալով 33939.19 հեկտար: Որոշման հիմնավորման համաձայն` ԲՀՊՏ-ի տարածքի կրճատումը վերջինիս սահմանների ճշգրտման արդյունք է: Թեպետ մենք չենք բացառում, որ «Արևիք» ազգային պարկի տարածքների կրճատումը պայմանավորված էր այդ շրջանում հանքարդյունաբերության զարգացմամբ:

19:35 Մարտ 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news