Բնապահպանական կազմակերպություններն ու մասնագետները ՀՀ կառավարությանը ներկայացնում են Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու իրավական և մասնագիտական հիմքերը

Բնապահպանական կազմակերպություններն ու մասնագետները ՀՀ կառավարությանը ներկայացնում են Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու իրավական և մասնագիտական հիմքերը

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 29-ին մի շարք բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ և իրավաբաններ նամակով ՀՀ կառավարություն ներկայացրեցին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու իրավական և մասնագիտական հիմքերը և պահանջեցին ներկայացված հիմքերով կասեցնել Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությանը տրամադրված թույլտվությունները և նոր ի հայտ եկած հանգամանքների ուժով՝ իրականացնել նոր փորձաքննություններ։
Իրենց նամակում կազմակերպություններն ու մասնագետները շեշտում են, որ ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացում ընկերությունը ներքին ընթացակարգերի այնքան մեծաթիվ կոպիտ սխալներ ու թերացումներ է կատարել, որ եթե անգամ համարձակություն ունենա միջազգային ատյաններում դատի տալ ՀՀ կառավարությանը, ՀՀ կողմն ունի բոլոր փաստերն այս դատական/արբիտրաժային գործընթացից հաղթող դուրս գալու համար: Միջազգային փորձագետները գնահատել են Ընկերության բոլոր անգլերեն փաստաթղթերը և վերհանել Ընկերության եզրակացությունների ու հայտարարությունների սխալ լինելը, ինչպես նաև հանքի հնարավոր շահագործման դեպքում առաջանալիք վնասների դեպքում պարտավորությունների բացակայության հարցը։ Լիդիանը պատասխանատու է իր սխալ հայտարարությունների, Հայաստանի կառավարությանը և հանրությանը ապատեղեկացնելու համար։ Առանձին հետաքննության են արժանի այս նախագծի հաստատման գործում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև, որ տեղաբնակներից շատերը վնասների փոխհատուցման պահանջներ ունեն, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կարող են կագնեցնել մեծ գումարներ հատուցելու պարտադրանքի առջև: Ավելին, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում չի կատարվել անդրսահմանային ազդեցության փորձաքննություն, ինչը ՀՀ օրենսդրության և Էսպոյի միջազգային կոնվենցիայի պարտադիր պահանջ է. դա նշանակում է, որ հարևան պետություններ հոսող ջրերի աղտոտման դեպքում այդ երկրների կառավարությունները կարող են վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և միջազգային մակարդակով մեծ խնդիրներ ստեղծել:

Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդնողներին, այո՛, կառավարության նման գործողություններն, իրո՛ք, կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս և կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ և պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար:

Նամակին միացած քաղաքացիները, մասնագետները, ՀԿ-ներն ու խմբերը հայտնում են, որ պատրաստակամ են իրենց գիտելիքը, մասնագիտական փորձը, կապերն ու նվիրումը գործի դնելու՝ Ամուլսարի և մյուս բնապահպանական խնդիրները լուծելու գործում ՀՀ Կառավարությանն աջակցելու համար:

Նամակը ստորագրել են`
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյան
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան
Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան
«էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյան
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյան

Նամակի ամբողջական նամակը տես այստեղ:

17:50 Մայիս 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news