Եվրադատարանը բավարարել է Թեղուտի հանքավայրի պատճառով հողից զրկված գյուղացու բողոքը

Եվրադատարանը բավարարել է Թեղուտի հանքավայրի պատճառով հողից զրկված գյուղացու բողոքը

Կարինե Սիմոնյան, www.azatutyun.am

Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Սերոբ Օսմանյանը մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով պետությունից 10 հազար եվրո կստանա տարիներ առաջ գերակա շահ ճանաչված սեփական հողատարածքի դիմաց ոչ պատշաճ փոխհատուցման համար:

Գյուղացին 10 տարի առաջ Թեղուտի և Շնողի այգիների, վարելահողերի ու անտառների հաշվին հանք բացող «Վալլեքս» ընկերությանը դատարանի պարտադրանքով հանձնել է իր 3800 քառակուսի մետր վարելահողը, դրա դիմաց ստանալով ընդամենը 145 հազար դրամ։

«38 դրամ քառակուսի մետրը», - պատմում է Օսմանյանը:
15 տարի առաջ Թեղուտ և Շնող գյուղերի 423 ընտանիք զրկվեց սեփականությունից հանուն հանքարդյունաբերության։ Նրանցից 106-ը չէր ընդունում գնահատող «Օլիվեր գրուպ» ընկերության կողմից սահմանված արժեքը և հրաժարվում չնչին գներով զիջել հողատարածքը։ Բայց գյուղացիների սեփականությունը ի վերջո հասարակության և պետության կարիքների անվան տակ դարձավ հանքավայր, ասում է տուժած շնողցիներից մեկը՝ Լևոն Ալիխանյանը, ով 7,5 հա տարածք է կորցրել՝ շենք-շինություններով, ջրագծերով ու ցանկապատերով։

Սեփականությունը կորցրած գյուղացիները Եվրոպական դատարան փաստեր են ներկայացրել, ըստ որոնց իրենց հողակտորների անմիջապես հարևանությամբ Հայաստանի էլեկտրացանցերը տարածք է վարձակալել․ մեկ քառակուսի մետրի դիմաց վճարում է 3,000 դրամ։Մինչդեռ գյուղացիների հողատարածքները հանքարդյունաբերող ընկերությանն է անցել 36-60 դրամով՝ 60 անգամ էժան։

«Մի պաղպաղակից պակաս գումարներ էր լրիվ, մի քանի տուփ լուցկու արժեքներ էր։ Սա ռեկետ էր փաստացի նախկին իշխանությունների կողմից։ Իրանց անձնական հարստացման համար, ըսկի պետությունը կապ չուներ ստեղ», - ասում է հողից զրկված գյուղացին։

Լևոն Ալիխանյանը նշում է, որ Թեղուտ և Շնող գյուղերի տուժած բնակիչները մշտապես խոչընդոտների են հանդիպել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Անգամ դատական գործընթացի ժամանակ հնարավոր չի եղել գտնել որևէ անկախ կազմակերպություն, որը կհամարձակվեր կասկածի տակ դնել ունեցած տվյալներն ու հողատարածքների կրկնակի գնահատում իրականացնել։

«Անգամ փաստաբան չէինք գտնում», - ասում է հողազուրկ գյուղացին, - «Հայաստանում որևէ մեկը ռիսկ չարավ գնահատեր։ Կային միամիտներ՝ եկան հասան ստեղ, իմացան ինչի մասինա խոսքը, թողին հեռացան»։

Եվրոպական դատարանի վճռին է սպասում ևս 9 ընտանիք։ Նրանց փաստաբան Կարեն Թումանյանն «Ազատությանն» ասաց, որ հնարավոր է Ստրասբուրգում այս գործով կայացած առաջին վճիռը նախադեպային իրավունքով տարածվի նաև «Վալլեքս» ընկերությանն անցած ավելի քան 180 հողակտորների սեփականատերերի նկատմամբ։

Թեղուտի հանքավայրը փակվել է մոտ մեկ տարի առաջ։ Գյուղացիները, ովքեր արդեն ոչ հող ունեն, ոչ էլ գործող հանքավայր, այսօր զղջում են, ասում են՝ «գոնե աշխատանք չկա, որ գյուղացին գնա աշխատի, թեկուզ էդ թույնն էլ շնչի։ Ոչ աշխատումա, ոչ գումարա ստանում, բայց թունը շնչումա»։



19:29 Նոյեմբեր 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news