Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բաց նամակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին և ՀՀ վարչապետի պաշտոնակատարին

Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բաց նամակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին և ՀՀ վարչապետի պաշտոնակատարին

ԷկոԼուր

Ս.թ. նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և Գնդեվազ բնակավայրի բնակիչները և նրանց աջակցող Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան ՀԿ-ների ցանցը Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի վերաբերյալ բաց նամակ են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Նամակի պատճենն ուղարկվել է ՄԱԿ-ի հավաքների ազատության հատուկ զեկուցող Կլեմենտ Նյալեցոսի Վուլին, ՄԱԿ-ի իրավապաշտպանների դրության հատուկ զեկուցող Միշել Ֆորստին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և բնական միջավայրի հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդին, ՄԱԿ-ի թունավոր նյութերի և թափոնների հարցով հատուկ զեկուցող Բասկուտ Թունչակին, ՄԱԿ-ի խմելու ջրի իրավունքի հատուկ զեկուցող Լեո Էլլերին, ՄԱԿ-ի ֆիզիկական ու հոգեկան առողջության իրավունքի հատուկ զեկուցող Դաիրիուս Պուրասին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և տրանսնացիոնալ կորպորացիաների և բիզնեսների հարցով աշխատանքային խմբին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ մշտական ներկայացուցչությանը ՄԱԿ-ում, Ժնև:

Նամակում նշված է.

«Մենք՝ Հայաստանի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի ներքոստորագրյալ բնակիչներս, մեզ միացած բնապահպանները և մեզ աջակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մեզ ուղղված սպառնալիքների վրա և խնդրում ենք Ձեր աջակցությունը խաղաղ ցույցերի, հավաքների և ազատ արտահայտման իրավունքի միջոցով կյանքի, բարեկեցիկ բնական միջավայրի, ջրի, առողջության և մեր բազմաթիվ այլ իրավունքները պաշտպանելու հարցում:

Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Ամուլսար լեռան վրա կատարվող ոսկու հանքի շինարարական աշխատանքները մեծացրել են մեր առողջությանը և կենսապայմաններին ուղղված սպառնալիքները: Հանքանյութ կորզելու աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, սակայն արդեն շինարարության ընթացքում մշտապես առկա փոշին և ջրի աղտոտումը հաստատել են մեր մտավախությունները, որ ոսկու արդյունահանումը և ցիանիդային եղանակով կորզումը չեն կարող անվտանգ լինել մեր առողջության համար՝ լինելով այդքան մոտ մեր տներին: Ավելին, Ջերմուկն այլևս ջրաբուժական և առաջնային տուրիստական վայրից վերածվում է հանքարդյունաբերական քաղաքի, իսկ Գնդեվազ գյուղում ոչնչացվել են մեր ապրուստի միջոցները՝ ծիրանի այգիները, վայրի բույսերի հավաքումը, անասնապահությունը և ձկնաբուծությունը: Մեր տարածաշրջանից և մասնավորապես Ամուլսարից են սնուցվում մի շարք խիստ կարևոր ջրային ավազաններ՝ գետեր, ջրամբարներ, ստորգետնյա ջրեր ու հանքային աղբյուրներ, Սևանա լիճը սնուցող ջրատար թունելը:

2018թ-ի մայիսի Թավշյա հեղափոխությունը Հայաստանում նպաստեց բողոքի բազմաթիվ ձայների արտահայտմանը, մարդիկ այլևս չէին վախենում հարցեր բարձրացնել և ազատ խոսել իրենց խնդիրների մասին: Մեր բողոքն առ այն, որ ընդդեմ մեր կամքի ու պաշտոնական համաձայնության ՀՀ նախորդ կառավարությունը տվել է մեր տարածքում բնապահպանական աղետների ռիսկով լեցուն ոսկու հանք արդյունահանելու թույլտվություն, մենք արտահայտեցինք Ամուլսարի հանքի շուրջ ճանապարհները փակելով, քանի որ դատական եղանակով պայքարը արդեն երրորդ տարին է ընթանում, և մոտալուտ հանգուցալուծում դեռևս չի սպասվում: 2018թ. հունիսի 22-ից ի վեր, այսինքն, ավելի քան չորս ամիս է՝ մեր կամքով և մեր մարմիններով փակելով հանք տանող ճանապարհները՝ մենք թույլ չենք տալիս, որ հանքի շինարարական աշխատանքներն ավարտվեն և սկսվի ոսկու կորզման փուլը, ինչն անդառնալի ավեր կպատճառի ոչ միայն մեր համայնքներին, այլև Հայաստանի զգալի մասի բնակչությանն ու բնությանը, իսկ բնապահպանական աղետալի հետևանքերը գուցե նաև տարածվեն Հայաստանի սահմաններից դուրս: Այդուհանդերձ, մեր պահանջներին դեռևս լուծում չի տրվել:

Միևնույն ժամանակ, տեղի բնակիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները գնալով սաստկանում են, օրինակ՝ 2018 թ-ի օգոստոսին 27-ին «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը փորձեց ուժի կիրառմամբ վերացնել ճանապարհների շրջափակումը և բախումներ հրահրեց, իսկ այնուհետև ցուցարարներին զրպարտեց, թե իբր զենք են կրում կամ թմրանյութերի ազդեցության տակ են:Մասնավոր ընկերության հրահրած միջադեպի պատճառով մեզնից շատերին իրավապահ մարմինները հարցաքննությունների են կանչում։

Բացի այդ, «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը դատարան հայցեր է ներկայացրել որոշ ցուցարարների դեմ՝ պահանջելով փոխհատուցել ճանապարհները փակելու ժամանակահատվածում ընկերության կրած նյութական և բարոյական վնասները՝ գնահատելով դրանք օրական հարյուր հազարավոր դոլարներ և այդպիսով՝ մեզ վրա բարդելով նախորդ կոռումպացված կառավարության հետ պայմանավորվածությունների ձախողումները: Ընդ որում, ընկերությունը մամուլում հրապարակում է օրական շուրջ 500.000 դոլարի կորուստ, իսկ դատական հայցերում՝ գրեթե հինգ անգամ դրանից պակաս գումար։

Ընկերությունը դատական հայցեր է ներկայացրել նաև ընդդիմախոս ակտիվիստների նկատմամբ՝ ներկայացնելով նրանց իր «բարի համբավը վարկաբեկողներ» և «զրպարտողներ»։ Ընկերության ՓիԱր ռազմավարությունն է նաև լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում իրական և ոչ իրական օգտատերերի ու էջերի միջոցով մեզ նվաստացնելն ու վարկաբեկելը, հանրությանը մեր մասին անձնական ապատեղեկատվություն և զրպարտություն տարածելը, մեր նկատմամբ ատելություն հրահրելը։

Միջազգային ներդրողները և նրանց պաշտպանող ԱՄՆ և Միացյալ Թագավորության կառավարությունները նույնպես ճնշում են գործադրում ՀՀ կառավարության վրա՝ կոպտորեն միջամտելով ՀՀ սուվերենությանն ու ժողովրդի շահի պաշտպանությանը՝ հօգուտ մասնավոր բիզնես շահի։

Վերջերս իմացել ենք, որ «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արագ փոխառության կանխավճար, որը գործածվելու է «ընկերության կողմից որոշակի տեսակի ծախսեր կատարելու համար, քանի դեռ ընկերությունը շարունակում է իր աշխատանքը Ամուլսարի ոսկու հանքի ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ»: Մենք մտավախություններ ունենք, որ այս գումարն օգտագործելով՝ «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը պատրաստվում է ճշնում գործադրել ՀՀ և օտարերկրյա տարբեր կառույցների վրա, որպեսզի ապահովի դեպի հանք տանող ճանապարհների բացումը: Ընկերության այնպիսի խոշոր վարկատուներ ու բաժնետերեր, ինչպիսիք են Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը (EBRD) և Շվեդիայի արտահանումների վարկավորման հիմնադրամը (EKN Export Credit Fund) որևէ կերպ չեն արձագանքում իրենց վարկառուի նման գործելաոճին: Իսկ վերոնշյալ 3 միլիոն դոլարի վարկի աղբյուրը մեզ հայտնի չէ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին և հատուկ զեկուցողներին խնդրում և կոչ ենք անում`

- Հրատապ կարգով անդրադառնալ «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր հանքարդյունաբերական ընկերության ոտնձգություններից սեփական և ապագա սերունդների կենսապայմանների պաշտպանությանը ելած անձանց իրավունքների հարցին՝ առանձին ուսումնասիրությունների, հայտարարությունների, Հայաստանի կառավարության հետ հաղորդակցության, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների Հայաստան այցելության և այլ հնարավոր միջոցներով, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունը՝ սեփական իրավունքները խաղաղ ցույցերի և հավաքների միջոցով արտահայտելիս, և դադարեցվեն մասնավոր ընկերության կողմից քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներն ու հալածանքները։

ՀՀ կառավարությանը խնդրում և կոչ ենք անում՝

- Ապահովել Ամուլսարում սեփական իրավունքներն իրացնող քաղաքացիների պաշտպանությունը մասնավոր ընկերության կողմից ոտնձգություններից և հալածանքներից:

- Արդեն իսկ առկա այլընրանքային հետազոտություններում (նաև միջազգային փորձագետների կողմից արված) առկա փաստերի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացությունը։

- Եթե դրանք կառավարության կարծիքով բավարար չեն, ապա իրականացնել հավելյալ և համապարփակ ուսումնասիրություններ՝ ուղղված (1) Ամուլսարի տեղանքի նման վայրում հանք բացելու արդյունքում ՀՀ բնակչության առողջության և սոցիալական դրության վրա բացասական ազդեցության բացահայտմանը, (2) վայրի բնության ու հատկապես վտանգված կենդանատեսակների ու բուսատեսակների պաշտպանությանն ուղղված ՀՀ ներպետական և միջազգային պարտավորությունների խախտման գնահատմանը, (3) Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի ջրային ավազանները սնուցող գետերի աղտոտման, Ջերմուկի հանքային ջրերի, Կեչուտ-Սպանդարյան թունելի և Սևանա լիճ տեղափոխվող ջրերի վրա բացասական ազդեցությունների գնահատմանը, (4) ապագա սերունդներին հասցվելիք վնասի հաշվարկմանը: Հանրայնացնել դրանք և դնել հանրային քննարկումների:

- Մինչև նման ուսումնասիրությունների ավարտն արգելք դնել Ամուլսարում հանքարդյունաբերական կամ շինարարական աշխատանքների իրականացման վրա:

- Ապահովել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների Հայաստան այցելության համար անհրաժեշտ վարչարարական և նյութատեխնիկական պայմաններ։

Պատրաստ ենք տրամադրել Ամուլսարում ոսկու հանք բացելու հետ կապված բնապահպանական, տնտեսական և սոցիալական սպառնալիքների հետ կապված առկա նյութերն ու ուսումնասիրությունները»:

18:04 Նոյեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news