«Բնապահպանության նախարարությունը փորձում է փակուղի մտցնել Ամուլսարի հարցով դատական գործը». փաստաբան

«Բնապահպանության նախարարությունը փորձում է փակուղի մտցնել Ամուլսարի հարցով դատական գործը». փաստաբան

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձում է փակուղի մտցնել Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ Ջերմուկ առողջարանի և Գնդեվազ գյուղի բնակիչների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով դատական գործը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում նշեց հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանի և Գնդեվազ գյուղի 16 բնակիչ դատի է տվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին` պահանջելով դատարանից պարտավորեցնել նրան ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը: Հայցադիմումում որպես պահանջի հիմք ներկայացված է 3 նոր գործոն:

ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը, իսկ առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի փետրվարի 4-ին:

«Վարույթ ընդունելուց հետո 2 շաբաթվա ընթացքում բնապահպանության նախարարը պետք է պատասխան ներկայացներ, անդրադառնար այն փաստերին, որոնք ներկայացված են հայցադիմումում: Սակայն դրանց անդրադարձ չի կատարվել, փոխարենը ներկայացվել է միջնորդություն, որում նշված է. «Վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով խնդրում ենք կասեցնել վարչական վարույթը մինչև քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում դատական ակտ կայացնելը»: Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քրեական գործ է հարուցված, քրեական գործի շրջանակներում որոշվել է նոր փորձագիտական խումբ ստեղծել, բայց այդ քրեական գործն ընդհանրապես կապ չունի մեր մեջբերած նոր գործոնների հետ: Քրեական գործը կոնկրետ հանցագործությունների է վերաբերում՝ Ջրային օրենսգրքի խախտում են թույլ տվել, Հողային օրենսգրքի, Ընդերքի մասին օրենսգրքի, կոնկրետ իրավախախտումներ են քննվելու, այլ ոչ թե նոր գործոններ: Որևէ քրեական գործ չի կարող դրանք հերքել: Վարչական գործը կապել քրեական գործի հետ անհիմն է և անօրինական: Այստեղ ես տեսնում եմ միտում այս գործը ձգձգելու, փակուղի մտցնելու», - նշեց հայցվորների փաստաբանը:

Նազելի Վարդանյանն ընդգծեց, որ փետրվարի 4-ի դատական նիստին առարկելու է ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած միջնորոդության դեմ: «Կարծում եմ, որ դատարանը պետք է ողջամիտ գտնվի և մերժի այդ միջնորդությունը, չկասեցնի գործի քննությունը, իսկ եթե կասեցնի, ես կբողոքարկեմ Վերաքննիչ դատարան», - ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ--ի կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ 2018 թ-ի օգոստոսին հարուցվել է քրեական գործ:

16:25 Հունվար 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news