ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի նորանոր համայնքներ միանում են մետաղական հանքարդյունաբերության դեմ ուղղված հանրագրի ստորագրահավաքին: 2018 թ. դեկտեմբերին Ջերմուկի և Գնդեվազի 3000 բնակիչ ստորագրել են «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» հանրագիրը հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի վերաբերյալ դեռևս արձագանք չի հնչել:
Հիմա արդեն Վայոց ձորում իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունը կանխելու հանրագիր են ստորագրել Եղեգնաձոր, Արենի և Գլաձոր համայնքների 2500 բնակիչներ:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի համաձայն` այս գործընթացը սկիզբ է առել Նոյեմբերյանից, երբ 2018 թ. գարնանը հասկանալի դարձավ, որ հստակ է հանրագրով ժողովրդի կարծիքը ՏԻՄ-ին և կառավարությանը ներկայացնելը:
«Այդ առաջարկը մենք արեցինք նաև Ջերմուկին: Քանի որ Վայոց ձորի այլ վայրերում նույնպես ցանկանում են մետաղական հանքարդյունաբերություն ծավալել, մենք մյուս համայնքներում էլ ասացինք, որ այդպիսի բան կարելի է անել:
Եվ մարդիկ սկսեցին այդ գործընթացն իրականացնել մեր աջակցությամբ: Մենք հետո հասկացանք, որ մարդկանց զգուշացնում են, հորդորում չմասնակցել: Որոշեցինք ավելի ակտիվ լինել: 10-15 հոգով գնացինք այն համայնքներ, որտեղ արդեն մոտ մեկ ամիս սկսված էր ստորագրահավաքը, ավելի ակտիվացրեցինք այն մեր մասնակցությամբ՝ տուն առ տուն մտնելով: Համայնքներում ստորագրահավաքն ավելի լայն թափ ստացավ: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ 50-100 աշխատատեղը ոչ մեկին չի փրկելու, բայց հետո իրենք լուրջ պրոբլեմների առաջ են կանգնելու ամբողջ Վայոց ձորի մարզով», - պատմեց Լևոն Գալստյանը:
Նրա խոսքով, այս օրերին իրենց խմբերին մի քանի անգամ մոտեցել են ոստիկանության աշխատակիցներ, հարցրել, թե ինչ են անում, ինչ գործ ունեն այնտեղ:
«Այն մարդիկ, ովքեր ակտիվ են, ովքեր մասնակցում են գործընթացին, ստորագրություններ են հավաքում, իրենց վրա ճնշումներ են լինում, խոսակցություններ: Ըստ էության, փոխվել է վիճակ, բայց բազմաթիվ պաշտոնյաների գլխում նստած է դեռ հին գաղափարախոսություն: Մարդիկ երևի վախենում են ուղիղ ժողովրդավարությունից: Իրենց թվում է, թե իրենք իրենց կաբինետում նստած պետք է որոշեն քաղաքացիների, ժողովրդի և բնության ապագան», - ասաց Լևոն Գալստյանը:
Նա նշեց, որ հանրագրերը ներկայացվելու են կառավարությանը և ՏԻՄ-երին՝ որպես ուղիղ ժողովրդավարության եղանակ:
Լուսանկարը՝ ՀԲՃ-ի
Փետրվար 11, 2019 at 19:12