Ախթալայի թափոնաջրերի վերաբերյալ տեսանյութի հիման վրա տեսչությունը զննում է իրականացրել

Ախթալայի թափոնաջրերի վերաբերյալ տեսանյութի հիման վրա տեսչությունը զննում է իրականացրել

ԷկոԼուրի «Էկոահազանգ» էջում տեսանյութ է տեղադրվել, ըստ որի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետ: «Դեբեդ գետ առվով «կակաո» է հոսում»,- ասում է տեսանյութի հեղինակը:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան ասաց, որ տեսանյութում հոսող ջուրը Ախթալայի պոչամբարի թափոնաջուրը չէ: «Դա կապ չունի պոչամբարի հետ: Խնդիրը վերաբերում է ռեկուլտիվացված Նազիկ պոչամբարից ներքև գտնվող հատվածին: Այդտեղով մեր խողովակներն են անցնում: Տեխնիկական անվտանգության նկատառումներից ելնելով` պոչատար խողովակաշարերը մաքրել ենք, որպեսզի վթար չլինի: Պոչերը տեղափոխել ենք պոչամբար, մնացած մասը լվացել ենք: Մեխանիկական մաքրում ենք արել: Այդ գնացած ջուրն են նկարել»,- ասաց Գագիկ Շահնազարյանը:

Նա նշեց, որ ապրիլից կգործի չոր պոչերի արտադրամասը, և պոչերը կտեղավորեն հանքախորշերում, գործող Նահատակի պոչամբարը կռեկուլտիվացվի: Նա  չբացառեց, որ հետագայում հնարավոր է` նոր պոչամբար կառուցվի:

Տեսանյութի վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանանը ԷկոԼուրին տեղեկացրեց, որ տեսչական մարմինն այդ տեսանյութի հիման վրա զննում է իրականացրել, բայց քանի որ դեռ վերջնական արդյունք չկա, զերծ կմնան այլ տեղեկատվություն տրամադրելուց:

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:19 Փետրվար 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news