Գործադիրը հավանություն տվեց հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանը միտված օրենսդրական փաթեթին

Գործադիրը հավանություն տվեց հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանը միտված օրենսդրական փաթեթին

ԷկոԼուր

Կբացահայտվեն Հայաստանում մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը: Այս կապակցությամբ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանականերում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կառավարությանը ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ որոշման նախագծին: Ըստ Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 2019-2020թթ. աշխատանքային ծրագրի` հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականսեփականատերերի հայտարարագրերի ներկայացումը պետք է լինի 2019-2020թթ. ընթացքում:

Ստորև ներկայացնում ենք որոշման նախագծի ընդունմանը նախորդած ՀՀ կառավարության անդամների քննարկումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյան.

- Հայաստանը 2017թ-ի մարտ ամսից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնություն միջազգային կազմակերպության` EITI-ի թեկնածու երկիր, որին անդամակցելով մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որի կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման:

Պարտավորություններից մեկն է, ըստ էության, ոլորտում գործող հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը: Նախագծերի այս փաթեթով կարգավորվում է իրական սեփականատերերի բացահայտման այդ ամբողջ գործընթացը:

Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանականանձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերիպետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը: Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփակատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Այս նախագծով կարգավորվել է նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձի բաժնեմասնակցության չափից: Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերոերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ: Որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել են նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի` լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա` ինչպես ուսումնասիրություն, այնպես էլ շահագործում: Միաժամանակ, նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը: Հարկ եմ համարում նաև նշել, որ նախագծերի այս փաթեթը քննարկվել է նախորդ` 6-րդ գումարման ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և լիագումար նիստում անցել է առաջին ընթերցում, սակայն, պայմանավորված անհրաժեշտ քվեների բավարար չլինելու հանգամանքով, հարցը չի ընդունվել երկրորդ ընթերցման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

Պարոն Բաղրամյան, հիմա այս օրենքի ընդունման արդյունքում մենք իսկապե՞ս գործուն մեխանիզմներ ենք ունենալու, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին իմանալու, նրանց մասին տեղեկությունը մատչելի դարձնելու առումով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ

Գարեգին Բաղրամյան.

-Այո, մատչելի է դառնալու ամբողջ տեղեկատվությունը, և բացի այդ, մտնում են մեխանիզմներ, որ եթե հայտնաբերվի, որ իրենք թաքցրել են այդ տեղեկատվությունը, դա արդեն հիմք է հանդիսանալու` թույլտվությունը կասեցնելու կամ ընդհանարապես զրկելու այդ իրավունքից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

-Մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ինձ մի ուսումնասիրություն էր ուղարկել, որտեղ ասվում էր, որ Հայաստանի հանքերի մի շատ մեծ մասը, եթե չեմ սխալվում, կարելի էր ասել նույնիսկ մեծամասնությունը, որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ, հետո այդ օֆշորային ընկերություններն ուրիշ օֆշորային ընկերություններում և այդպես շարունակ: Այդ գրությունը ինչու՞ չենք տալիս իրավապահ մարմիններին, որպեսզի ուսումնասիրեն: Կարծում եմ արժի այդ գրությունը վերահասցեագրել գլխավոր դատախազություն, որովհետև այդտեղից տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը, համենայն դեպս, կառավարվում է մի կետից, և դա, ինքնին, տարօրինակ փաստ է:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ

Գարեգին Բաղրամյան.

- Պարտավորություն է մտնում, և պարբերաբար պիտի հրապարակեն: Նույնիսկ օֆշորային գրանցված ընկերությունները մինչև ֆիզիկական անձ պիտի բացահայտեն իրենց սեփականատիրոջը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան.

- Փաստացի մեխանիզմները ներդրված են այնպես, որ ընդերքօգտագործողները, լիցենզիա ունեցողները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, և եթե ստուգման հետևանքով պարզվում է, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, պարոն Բաղրամյանն արդեն իսկ նշեց, որ մենք արդեն հնարավորություն ենք ունենալու կասեցնելու կամ առհասարակ հետ կանչելու այդ լիցենզիան: Այսինքն` այդ հնարավորությունը` ստուգելու, մենք նույնպես ունենք: Մեխանիզմները ներդրված են:

ՀՀ վարչապետ Փաշինյան.

Հիմա ենթադրենք` լիցենզիա ունեցող այսինչ ՍՊԸ-ն բացահայտում է, որ իր սեփականատերը օֆշորային գոտում գրանցված այսինչ ընկերությունն է:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան.

- Մինչև վերջին ֆիզիկական անձը, շղթայով մինչը վերջ:

ՀՀ վարչապետ Փաշինյան.

- Բայց ինձ հուշում են, որ այդ գրությունը քննչական կոմիտե էլ է գնացել պարոն Գրիգորյան:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան.

- Կա նման գործ «Վայք գոլդ» հանքարդյունաբերական ֆիրմայի հետ կապված միայն:

ՀՀ վարչապետ Փաշինյան.

Շատ լավ, եթե այդ գրությունը չի հասել իրավապահներին, պետք է անել, հենց այսօր ուղարկել, որովհետև այնտեղ շատ կարևոր տեղեկություններ կան, որոնք ստուգման կարիք ունեն:

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:47 Փետրվար 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news