Գեղամասարի բնակիչներն առաջարկում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տուգանքները վճարվեն համայնքային բյուջե, այլ ոչ պետական բյուջե

Գեղամասարի բնակիչներն առաջարկում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տուգանքները վճարվեն համայնքային բյուջե, այլ ոչ պետական բյուջե

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղը Սոթքի ոսկու հանքավայրի ազդակիր գյուղերից է, սակայն բնակչության գերակշռող մասը վճարունակ չէ: Սոտքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, որտեղ արտադրվում է ոսկու և արծաթի Դորե համաձուլվածք, շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն:
«Կութ համայնքն աշխարհից դուրս տեղ է, ոչ մի բան իրեն ոչ հասնում է, ոչ էլ: Մենք չենք կարողանում նույնիսկ մանկապարտեզի վճար տալ…Ոչ մի բան չկա բուժկետում՝ ոչ սարքավորում, ոչ համապատասխան դեղամիջոց… Աշխատատեղ, կարի ու ձևի տեղ բացեն, պանրի արտադրամաս, խոզաբուծարան, ֆերմա, մի գործ դնեն: Մարդիկ մնան, ոչ թե թողնեն, հեռանան», - դժգոհեցին Կութի բնակիչները ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 12-ին «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակում:
Քննարկման մասնակիցները՝ Սոթք համայնքի բնակիչները, հնչեցրին տարբեր կարծիքներ բացահանքի՝ սոցիալական իրավիճակի և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ: Բնակիչների մի մասը դժգոհեցին աշխատատեղերի ոչ բավարար քանակի, ոռոգման ջրի որակի վատթարացման, վնասակար նյութեր պարունակող փոշու առկայության համար: Բնակիչների մի մասն էլ իր աջակցությունը հայտնեց ընկերությանը, պնդելով, թե ընկերության գործունեության շնորհիվ նվազում է արտագաղթը: Բնակիչները նաև նշեցին համայնքների խոշորացման հետևանքով ստեղծված շահերի բախման մասին: Խնդիրն այն է, որ Սոթք համայնքը, որը համաձայնություն է տվել Սոթքի հանքավայրի շահագործմանը և հողերի վարձակալությանը Սոթքի ծրագրի համար, ներկայում կորցրել է համայնքի կարգավիճակը և դարձել խոշորացված Գեղամասար համայնքի կենտրոնը, որի մեջ մտնում է ընդհանուր 18 համայնք:
Արդյունքում, 68 միլիոն դրամը, որը պետք է տարեկան վճարվեր Սոթքին հողերի վարձակալության դիմաց, վճարվում է խոշորացված Գեղամասար համայնքին: Այդ գումարի բաշխումից դժգոհ են Սոթք և Կութ համայնքների բնակիչները, ովքեր կրում են հանքի բացասական ազդեցությունը, և նշում, որ այդ գումարը ինչ-որ առումով այդ բացասական ազդեցության փոխհատուցումը պետք է լինի:
Ծրագրի փորձագետ ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հարություն Մովսիսիյանը, ներկայացնելով Հայաստանում իրականացվող ԱՃԹՆ գործընթացը, հատուկ ուշադրություն հրավիրեց ԱՃԹՆ շրջանակներում Գեոպրոմայնինգ գոլդ ընկերության ֆինանսական հաշվետվության վրա:
Մասնավորապես 2017թ-ին ընկերությունն արտադրել է 139 839 ունցիա Դորե համաձուլվածք` համարժեք 55 միլիարդ 151 միլիոն 662 հազար 566 դրամի:
Արտահանվել է 70 միլիարդ 774 միլիոն 618 հազար 617 դրամին համարժեք 142 533 ունցիա Դորե համաձուլվածք: Դրա դիմաց ՀՀ պետական բյուջեր հարկերի և վճարների տեսքով մուտք է գործել 14 միլիարդ 314 միլիոն 7 հարյուր հազար դրամ:
2017թ-ին համայնքը ստացել է 68 միլիոն դրամ վարձակալության վճար, 120 հազար դրամ գույքահարկ:
Հարություն Մովսիսյանը ներկայացրեց նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքի դրույթները: Բնակիչների հետ քննարկվեցին, թե ինչպես օրենքը կարող է տարածվել համայնքի վրա, ինչպես կարող են օգտվել բնապահպանական վճարներից և ինչ բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման անհրաժեշտություն կա համայնքում:
Բնակիչներն առաջարկեցին.
-ազատել ազդակիր համայնքների նպաստառու ընտանիքներին մանկապարտեզի վճարից
-Պարտավորրեցնել «Գեոպրոմայնինգ» ընկերությանը աջակցել ազդակիր համայնքներում որևէ ձեռնարկություն ստեղծելու համար բիզնես պլան մշակել և կյանքի կոչել
-Հստակեցնել Սոտքի ոսկու հանքի ազդակիր բնակավայրերի շրջանակը ըստ հանքի շահագործման ազդեցության տարածման շառավղի:
-Սահմանել տուգանքներ հանքի կողմից արված խախտումների համար և տուգանքի գումարը փոխանցել համայնքի բյուջե՝ դրանք վերացնելու համար
-Տեղեկացնել ազդակիր բնակավայրերի բնակչությանը հանքի աշխատանքների ընթացքի, համայնքին փոխանցվող գումարի չափի և դրա օգտագործման նպատակի մասին
-Ապահովել հանքի ղեկավարության ուղիղ շփումը բնակչության հետ
-Հանքում նոր աշխատատեղեր բացվելու դեպքում բաց մրցույթներ հայտարարել
-Պարտավորեցնել «Գեոպրոմայնինգ» ընկերությանը ապահովել լիարժեք բուժզննումների անցկացում ու բժշկական ծառայության ստեղծում ազդակիր բնակավայրերում
-Անկախ փորձագետների կողմից իրականացնել հողի, ջրի, օդի եռամսյա հետազոտություններ, ապա և ներկայացնել արդյունքները համայնքների բնակչությանը:

Իրենց իրավունքների պաշտպանության համար բնակիչները որոշեցին ստեղծել բնապահպանական ՀԿ:

Հանդիպման ընթացքում ներկաներին բաժանվեցին ԱՃԹՆ գործընթացի վերաբերյալ իրազեկման թերթիկներ, որոնք փակցվեցին նաև համայնքի հանրային վայրերում:

 










Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:00 Ապրիլ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news