Մեղրի համայնքը տվեց իր նախնական համաձայնությունը «Նարիպրոֆ» ՍՊԸ-ին` շարունակելու Նռնաձորում պղինձ ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը

Մեղրի համայնքը տվեց իր նախնական համաձայնությունը «Նարիպրոֆ» ՍՊԸ-ին` շարունակելու Նռնաձորում պղինձ ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը

ԷկոԼուր

Մեղրի համայնքը տվեց իր նախնական համաձայնությունը, որ «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն շարունակի Մեղրիի շրջանում Նռնաձորի (Նյուվադի) պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը:

Հանրային լսումներն անցկացվեցին մայիսի 16-ին` Մեղրիի համայնքապետարանում: Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց. «Եթե մեր բնությանը վնաս չի լինի, մենք նպատակահարմար չենք գտնում հրաժարվել թեկուզ փոքր, բայց ֆինանսական վճարումներից»:

Ըստ «Նարիպրոֆ» ընկերության տնօրինության ներկայացուցիչ Սամվել Մելոյանի` իրականացվելու են հողային աշխատանքներ, ծանր տեխնիկա չի աշխատելու, բնությանը վնաս չի տրվելու:

Նռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարը նշեց, որ դեմ չեն երկրաբանական աշխատանքների կատարմանը, սակայն դեմ են լինելու ցանկացած հանքի շահագործմանը:

Կապանից ակտիվիստ Դավիթ Հակոբյանը բարձրաձայնեց «Արևիք» ազգային պարկի տարածք ընկերության մտնելու խնդիրը և հարց ուղղեց «Նարիպրոֆ» ընկերության ներկայացուցչին, թե ով է երկրաբանահետախուզական աշխատանքների համար պատվեր տվել: «Ես վստահ եմ, որ դիտավորյալ կամ ինչ-ինչ պատճառներով չեն հստակեցվել «Արևիք» ազգային պարկի սահմանները, որ «Զանգեզուր» արգելավայրի նման մասնատեն ու դարձնեն հանքավայր: «Արևիք» ազգային պարկի ապագան սա է: Եթե դուք ծառ էլ չկտրեք, այնտեղ երկրաբանական աշխատանք իրականացնելն արդեն իսկ օրենքի խախտում է: Եթե մինչև հիմա համայնքը, բնապահպանության նախարարությունը, բոլոր շահագրգիռ կողմերը չեն պարզել ազգային պարկի սահմանները, ո՞ր իրավունքով, ի՞նչ օրենքով են այդ թույլտվությունը տալիս»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Սամվել Մելոյանը պատասխանեց. «Ես ընկերության տնօրինության կողմից լիազորված անձ եմ: Ես տեղյակ չեմ, թե ով է պատվիրատուն: Ինչ վերաբերում է «Արևիք» ազգային պարկին, շատ ճիշտ դիտարկում արեցիք: Երբ որ կլինի կադաստրային քարտեզագրումը, և մեր օրենսդիր մարմինները որպես օրենք կհաստատեն, ես ով եմ, կամ որևէ գործարար մարդ ով է, որ այդ օրենքին չենթարկվի: Այն, ինչը օրենքը չի արգելում, նշանակում է, օրենքը թույլատրում է: Մենք կատարում ենք այն, ինչը որ թույլատրվում է»:

Նռնաձորի հանքերևակումը գտնվում է Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր գյուղից հյուսիս-արևմուտք` 4.5 կմ հեռավորության վրա: Տարածքը, մասամբ համընկնում է «Արևիք» ազգային պարկի տարածքի հետ, որտեղ ՀՀ կառավարության 15.10.2009թ. թիվ 1209 որոշմամբ արգելվում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Չնայած այս հանգամանքին` ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016թ-ին «Նարիպրոֆ» ՍՊԸ-ին տվել է դրական եզրակացություն` որոշելու ոսկու և նրան ուղեկցող մետաղների պաշարները:

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

13:35 Մայիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news