Թեղուտի հանքավայրի շահագործումը կվերսկսվի հուլիսից, խոստանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը

Թեղուտի հանքավայրի շահագործումը կվերսկսվի հուլիսից, խոստանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը

ԷկոԼուր

Թեղուտի հանքավայրի լիարժեք շահագործումը կվերսկսվի այս տարվա հուլիս ամսից: Մինչ այդ այս ընթացքում լայն թափով իրականացվում են հանքավայրի շահագործման մեկնարկին նախորդող նախապատրաստական աշխատանքները: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Շնող համայնքի բնակիչները: 

Հանդիպումը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ տեղի ունեցավ մայիսի 4-ին Շնող համայնքում  Շնողի, Թեղուտի և Քարկոպի վարչական ղեկավարների, ավագանու անդամների ու բնակիչների մասնակցությամբ: 

Հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել բնապահպանական նորմերի պահպանմանը շահագործման ընթացքում: Մասնավորապես` Թեղուտի պոչամբարի խնդիրների և անվտանգության վերաբերյալ: 

Նշենք, որ Ընկերությունների «Վալլեքս» խումբը, որի կազմում էր գտնվում «Թեղուտ» ՓԲԸ-ն, խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի խնդիրներ ունի: Ինչպես նշված է ԷկոԼուրին ուղղված «Վալլեքս»-ի նամակում` պոչամբարի պատվարի կայունության բարելավումը կամ ընդհանրապես պոչամբար կառուցելը ենթադրում է մի շարք տեխնիկական խնդիրների լուծում՝ այդ թվում համապարփակ ճարտարագիտական նախագծի կազմում: 

Հանդիպման ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները նշել են, որ Թեղուտի պոչամբարը որևէ վտանգ չի ներկայացնում: Նրանք ասել են, որ Բուլղարիայից մասնագետներ են հրավիրել պոչամբարի հարցն ուսումնասիրելու նպատակով: 

Շնողի բնակիչները նշեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Թեղուտի հանքավայրում իրականացվող աշխատանքների ընթացքում Թեղուտի պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել դեպի Դեբեդ գետ: Այս պահին արտահոսք տեղի չի ունենում: 

Օրակարգային խնդիրներից էր նաև աշխատատեղերի հարցը, որպեսզի հանքավայրում աշխատակիցների գերակշիռ մասը լինի տեղի բնակչությունը: «Առայժմ տեղի բնակիչներն ավելի քիչ են, քան Ալավերդիինը: Համայնքը դժգոհեց: Հանքավայրում աշխատող տեղացիները նախկինում 450 հոգի էին, որն ընդհանուր 1200 աշխատողի 40%-ից էլ պակաս է»,- նշեցին շնողցիները: Բնակիչներից մեկը նշեց, որ հանքավայրում աշխատանքի չեն ընդունում այն մարդկանց, ովքեր դատական գործընթացների մեջ են ընկերության հետ: «Չեն ընդունում, մերժում են դիմումները: Մի բան չեն հաշվի առնում, որ էդ դատական գործընթացներն իրանք են սկսել, ոչ թե՝ մենք: Մենք մեր իրավունքն ենք պաշտպանում, նրանց ո՞վ ա դատի տվել որ»,- նկատեց նա: Ընկերությունը խոստացավ, որ աշխատակիցների 60 %-ը կլինի Շնող համայնքից: 

 

15:53 Մայիս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news